Վենետիկի հանձնաժողովը կոչ է արել Վրաստանի իշխանություններին չեղարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը ներկա տեսքով
Վենետիկի հանձնաժողովն անդրադարձել է Վրաստանի՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ներկա տարբերակին և ընդգծել, որ այն խոչընդոտներ է ստեղծում հավաքների և կարծիքների արտահայտման ազատության, մասնավոր կյանքի անձեռնմխելիության, հանրային գործերով զբաղվելու իրավունքի և խտրականության արգելքի համար։
«Օրենքը, որը կարծես թե միտված է թափանցիկության ապահովմանը, հանգեցնում է դրսից ֆինանսավորման թեկուզ չնչին մաս ստացող հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների խարանման և, ի վերջո, ոչնչացման։
Լուրջ վտանգ կա, որ կտուժեն կառավարությանը քննադատող կազմակերպություններն ու լրատվամիջոցները։ «Դրանցից ազատվելը» բացասաբար կանդրադառնա բաց հանրային բանավեճերի, բազմակարծության և ժողովրդավարության վրա»,- ասված է հայտարարության մեջ։
Վենետիկի հանձնաժողովը նշել է, որ նախկինում գնահատել է «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը Ռուսաստանի Դաշնությունում, Հունգարիայում և Ղրղզստանում, ինչպես նաև Բոսնիա և Հերցեգովինայում։ Հանձնաժողովը գրել է, որ Վրաստանում նախաձեռնված օրենքը «շատ ընդհանրություններ» ունի այդ երկրների օրենսդրության հետ։
«Վրաստանի օրենսդրությունը ՀԿ-ներից և ԶԼՄ-ներից արդեն պահանջում է զեկուցել, այդ թվում՝ ֆինանսավորման աղբյուրների մասին։ Որևէ համոզիչ բացատրություն չի տրվել, թե ինչու դա բավարար չէ թափանցիկություն ապահովելու համար։ Բայց եթե դա այդպես է, ապա Վրաստանի իշխանությունները կարող էին պարզապես ճշգրտումներ կատարել գործող չափանիշներում»,- ասված է հայտարարությունում:
Հանձնաժողովը ափսոսանք է հայտնել, որ օրենքն «ընդունվել է այնպիսի ընթացակարգով, որը հնարավորություն չի տվել իրական բանավեճերի և ըստ էության խորհրդակցությունների համար, ինչը բացահայտ արհամարհանք է հասարակության զգալի մասի մտահոգությունների նկատմամբ»։
Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին