Մենք աջակցում ենք Հայաստանին Ադրբեջանի հետ արդար խաղաղության հասնելու հարցում. Կատրին Կոլոննա

Մենք աջակցում ենք Հայաստանին Ադրբեջանի հետ արդար խաղաղության հասնելու հարցում. Կատրին Կոլոննա

Մենք Հայաստանի կողքին ենք Ադրբեջանի հետ արդար խաղաղության հասնելու հարցում՝ խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը:
Կատրին Կոլոննայի խոսքով՝ Հայաստանին և Ադրբեջանին այդ հարցում որևէ այլ երկիր այնպիսի աջակցություն չի ցուցաբերում, ինչպես Ֆրանսիան, ինչի մասին վկայում են նախագահ Մակրոնի ջանքերը:
«Մենք աջակցում ենք Հայաստանին նաև տեղում՝ լարվածության նվազեցման հարցում: Ապրիլին ես անձամբ էի մեկնել Հարավային Կովկաս՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին օգնելու՝ հասնել խաղաղության համաձայնագրի»,- նշել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը:
Կատրին Կոլոննան անդրադարձել է նաև Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը՝ շեշտելով, որ Ֆրանսիան մեծապես աջակցել է առաքելության ստեղծմանը և այն այսօր նպաստում է իրավիճակի լիցքաթափմանը:
Հարցուպատասխանի ժամանակ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներից Իզաբել Սանտիագոն կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում անհապաղ բանաձև ընդունել՝ պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: «Ֆրանսիան պատմական և եղբայրական կապեր ունի Հայաստանի հետ, մեր պարտքն է՝ գործել»,- նշել է ֆրանսիացի պատգամավորը: