Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Հայոց բանակի 25-ամյակին նվիրված միջոցառում
Հունվարի 27-ին ՀՀ Սփյուռքի նախարարության աշխատակիցները՝ նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ, այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոն և ծաղիկներ խոնարհեցին արցախյան պատերազմին զոհ գնացած ազատամարտիկների շիրիմներին:
Այնուհետև Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Հայոց բանակի օրվան նվիրված հանդիսավոր ցերեկույթ՝ հայրենադարձ ազատամարտիկների, սփյուռքահայ ներկա զինծառայողների, պետական պաշտոնյաների, Համահայկական կառույցների երևանյան գրասենյակների, ինչպես նաև սիրիահայերի աջակցության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ս
փյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա նշեց. «Այսօր տոն է Հայաստանում, Արցախում և Սփյուռքում։ Սիրով և ջերմությամբ շնորհավորում եմ բոլորիս այս պայծառ ու հաղթական տոնի՝ Հայոց բանակի 25-ամյակի առթիվ և հավաստիացնում, որ մենք միշտ հաղթող ենք լինելու։ Այստեղ ներկաներից շատերը հիշում են, թե հայոց բանակը ինչպես է կազմավորվել։ Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր ընկան, որ մենք ապրենք ու կերտենք մեր երկու անկախ պետությունները՝ Հայաստանն ու Արցախը։ Հայաստան աշխարհն այսօր հպարտ է իր Սփյուռքով։ Սփյուռքը Արցախյան պատերազմի օրերին մեր կողքին էր։ Երբ Հայաստանն անկախացավ, Սփյուռքից շատ հայորդիներ եկան և կռվեցին Արցախում։ Մեր հայրենակիցները աշխարհի որ ծայրում էլ ապրեն, նրանց սիրտը Հայրենիքում է: Ծնունդդ շնորհավո՛ր, սիրելի՛ բանակ»:
Այնուհետև նախարար Հրանուշ Հակոբյանը միջոցառմանը մասնակից հայրենադարձ ազատամարտիկներ Անդրանիկ Պողոսյանին, Մարտիրոս Ժամկոչյանին, Սիմոն Գաֆալյանին, Վազգեն Սիսլյանին, Հարմիկ Հովսեփյանին, Հրանտ Աշճյանին, Շահե Աճեմյանին, Անդրանիկ Չավուշյանին, ինչպես նաև Գուսան Հայկազունին պարգևատրեց Սփյուռքի նախարարության Երախտագիտության մեդալով:
Շնորհակալություն հայտնելով պարգևի համար՝ ազատամարտիկ Անդրանիկ Պողոսյանը նշեց, որ որ իր պարտքն է կատարել Հայրենիքի հանդեպ։ Նա համոզմունք հայտնեց, որ նոր սերունդը Ապրիլյան քառօրյայի ժամանակ ապացուցեց, որ իրենց գերազանցել է և ոչ ոքի չի պատրաստվում զիջել ազատագրված հայկական հողերը:
Վազգեն Սիսլյանն ընդգծեց՝ միայն սահմանը պաշտպանող հայ զինվորի շնորհիվ է, որ այսօր մենք հանգիստ ապրում ենք մեր երկրում:
Նախարարը ներկաներին առանձնակի ջերմությամբ ներկայացրեց սիրիահայ Կազանչյան ընտանիքին: «Դավիթ և Նատալյա Կազանչյանները 5 որդի ունեն: Նրանցից 3-ը՝ Գևորգը, Թորոսը և Մեսրոպն այսօր ծառայում են հայոց բանակում: Իսկ Գևորգը մասնակցել է ապրիլյան մարտերին», – նշեց Սփյուռքի նախարարը:
Հաշվի առնելով սիրիահայ ընտանիքի նվիրումը Հայոց բանակին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը Կազանչյաններին հանձնեց ՀՀ սփյուռքի նախարարության շնորհակալագիր:
Այնուհետև Սփյուռքի նախարարության Համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության պետ, սիրիահայ հայրենադարձ Նաիրի Մուրադյանն ընթերցեց Սփյուռքի հայ մանուկների՝ հայ զինվորին ուղղված նամակները, ցուցադրվեցին նաև երեխաների նկարած նկարները՝ նվիրված հայ զինվորին ։
Նախարար Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ Սփյուռքում գործող 1004 դպրոցներում էլ գրվել են նամակներ և բոլորն էլ կհասնեն հայ զինվորին:
ՀՀ սփյուռքի նախարարը նշեց, որ Ապրիլյան քառօրյա պատերազմը մեկ անգամ ևս փաստեց հայ ժողովրդի միասնականությունն ու համախմբվածությունը: Այդ օրերին մարդկային և այլ կորուստներ տեսած Արցախին օգնելու նպատակով Հայաստանում և Սփյուռքում բազմաթիվ նախաձեռնություններ իրականացվեցին, որոնց մի մասը դարձան հիշարժան պատմություններ: Դրանցից մեկի հերոսը վիրահայ Նանումյան ընտանիքն էր: Քառօրյա պատերազմից հետո Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնում Արցախին աջակցելու համար կազմակերպվել էր վիրահայ նկարիչների աշխատանքների ցուցադրություն-վաճառք, որին մասնակցում էր Կարեն Նանումյանը եւ նրա՝ ազգությամբ ռուս կինը՝ Նատալյան: Միջոցառման ընթացքում, նկարներ գնելուց զատ, նրանք իրենց ամուսնական մատանիներն էին նվիրել ադրբեջանական ագրեսիայից տուժած արցախցիների օգնության ֆոնդին: Որոշվել էր մատանիները Արցախում նվիրել քառօրյա պատերազմին մասնակցած այն զինվորին, ով առաջինը կամուսնանար: Բանակի հոգևոր սպասավոր Սամվել սարկավագ Մկրտչյանը պսակադրության ընթացքում ամուսնական մատանիները հանձնեց խորհրդանշական պատմության հերոս դարձած Հարութ և Սոնյա Մնացականյան զույգին: Այժմ երկու ընտանիքները բարեկամացել են: Պատմության վերաբերյալ ցուցադրվեց «Արցախպրես»-ի կողմից պատրաստված տեսանյութը, որում ամուսնական զույգը հայտնեց իր որոշումը՝ 15-20 տարի հետո այդ մատանիները մի այլ զույգի նվիրելու վերաբերյալ:
Միջոցառմանը ներկա Նանումյան ամուսիններին նախարար Հրանուշ Հակոբյանը հանձնեց ՀՀ սփյուռքի նախարարության շնորհակալագիր:
Ցուցադրվեցին աշխարհի տարբեր հայկական համայնքներից հղված, հայոց բանակին նվիրված շնորհավորանքի տեսաուղերձներ:
Հնչեցին ազգագրական, ժողովրդական երգերի կատարումներ: