Ալի Քաան Օրբայ. Մենք միասին ուժեղ կլինենք, շնորհակալություն Վրաստանի իշխանություններին, վրաց ժողովրդին, շնորհակալություն Վրաստան

Ալի Քաան Օրբայ. Մենք միասին ուժեղ կլինենք, շնորհակալություն Վրաստանի իշխանություններին, վրաց ժողովրդին, շնորհակալություն Վրաստան

Վրաստանում Թուրքիայի դեսպան Ալի Քաան Օրբայի խոսքով, Վրաստանն առաջին երկրներից էր, որն արձագանքեց Թուրքիայի միջազգային օգնության կոչին և այնտեղ ուղարկեց փրկարարական խումբ։
Ինչպես Վրաստանի առաջին ալիքին հայտնել է դեսպանը, Թուրքիան երախտապարտ է վրաց ժողովրդին։
«Մենք շատ ռեսուրսներ ենք մոբիլիզացրել Թուրքիայում, սակայն լրացուցիչ խնդրել ենք միջազգային օգնություն։ Մեր մտերիմ բարեկամ, հարեւան, ռազմավարական գործընկեր Վրաստանն առաջին երկրներից էր, որ արձագանքեց միջազգային օգնության մեր կոչին։ Երկրաշարժի օրը՝ փետրվարի 6-ին, Վրաստանն անմիջապես որոնողափրկարարական խումբ է ստեղծել, իսկ նույն օրը Թբիլիսիից մեկնել են Թուրքիա։ Այն 60 մասնագետներից բաղկացած բարձր որակավորում ունեցող և պրոֆեսիոնալ խումբ է։ Նրանք Ադիաման նահանգում են, որտեղ փլատակների տակից դուրս են բերել 21-ամյա մի կնոջ։ Մենք շնորհակալ ենք դրա համար։ Մենք հատկապես երախտապարտ ենք Վրաստանի կառավարությանը, հատկապես վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին, ով Թուրքիայի իսկական բարեկամն է, ով անձամբ մասնակցում է Վրաստանի օգնությունը Թուրքիային համակարգելու ջանքերին։ Ադիաման նահանգում աշխատող առաջին խմբի հետ միասին, որը թուրքական օգնության ջանքերի հետ մեկտեղ ժողովրդին հուսադրեց, Վրաստանն արձագանքեց երեկ երեկոյան մեր կոչին և անմիջապես մոբիլիզացրեց ևս 40 հոգանոց որոնողափրկարարական խումբ։ Այսօր նրանց դիմավորեցի օդանավակայանում, նրանք սպասում են, որ մեկնեն Ստամբուլ, որտեղից էլ կմեկնեն Ադիաման նահանգ։ Ես անձամբ հանդիպել եմ նրանց։ Նրանք շատ որակավորված, պրոֆեսիոնալ մարդիկ են։ Մենք երախտապարտ ենք Վրաստանին Թուրքիային իրական համերաշխություն և աջակցություն ցուցաբերելու համար»,- ասել է դեսպանը։
Վրաստանում Թուրքիայի դեսպանը շնորհակալություն է հայտնում վրացական իշխանություններին։
«Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Վրաստանի կառավարությանը, նախագահ Զուրաբիշվիլիին, վարչապետ Ղարիբաշվիլիին, արտաքին գործերի նախարար Դարչիաշվիլիին, ներքին գործերի նախարար Գոմելաուրիին և բոլոր մյուս նախարարներին ու խորհրդարանում մեր ընկերներին, ովքեր իրենց վիշտը հայտնեցին և հայտնեցին իրենց ցավակցությունը։ Նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիին հուզիչ մեկ րոպե լռության համար, որով նրանք հարգեցին երկրաշարժի զոհերի հիշատակը երեկ խորհրդարանի նիստի բացման ժամանակ։ Մենք կբարձրանանք, կհաղթահարենք այս դժվարին շրջանը մեր ընկերների, մեր եղբայրների աջակցությամբ։ Շնորհակալություն եմ հայտնում վրաց ժողովրդին, ով կիսեց մեր վիշտը և ցուցաբերեց համերաշխություն։ Ուզում եմ ասել, որ միասին մենք ուժեղ ենք լինելու։ Շնորհակալություն, Վրաստան»,- ասել է դեսպանը։Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։