Ի՞նչ փոխեց անցնող տարին Սամցխե-Ջավախքում

Ի՞նչ փոխեց անցնող տարին Սամցխե-Ջավախքում

Մի քանի օրից բոլորս միասին թեւակոխում ենք նոր 2018 թվական։ Անցնող տարում մենք արձանագրեցինք, ինչպես դրական, այնպես էլ բացասական բազմաթիվ երեւույթներ։ Ունեցանք ձեռքբերումներ ու պարտադրված նահանջի պահեր։ Անկոտրուն պահեցինք մեր ոգին արդարության հաստատման ձգտման մեջ։

Միասնական ջանքերով ձգտեցինք դարձնել մեր շրջանը ավելի ապահով, բարեկեցիկ եւ ուժեղ, որտեղ քաղաքակիրթ երկրի շրջանին վայել կհարգվեն մարդու բոլոր իրավունքները։ Մեր բոլորի համոզմունքը ու երազանքը անցնող տարում եւս անփոփոխ էր, կառուցել զարգացող ժողովրդավարական երկիր, հզոր տնտեսությամբ ու օրենքի գերակայությամբ, որտեղ կհարգվեն երկրի ազգային ու կրոնական փոքրամասնությունների բոլոր իրավունքները։

Անցնող տարվա դրական ձեռքբերումներից կարելի է առանձնացնել Վրաստանում նոր սահմանադրության մեջ երկքաղաքացիության մասով փոփոխությունը։ Շնորհիվ երկրի իշխանությունների խոհեմ քաղաքականության, այդ խնդիրը մեկընդմիշտ լուծված կարելի է համարել, եթե իհարկե քաղաքացիություն կորցրած անձինք հեշտությամբ կարողանան վերականգնել իրենց նախկին քաղաքացիությունը։ Դա Վրաստանում անկասկած կուրախացներ քաղաքացիությամբ կիսված բազմաթիվ ընտանիքների։ Ձեռքբերումների մեջ ինչպես չնկատենք նաեւ վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի վերջերս արած հայտարարությունը, ըստ որի Վրաստանի շվեյցարական SGS ընկերության հետ պայմանագիր է ստորագրվել, որի համաձայն Վերին Լարսում անբարենպաստ պայմանների դեպքում Հայաստանը Վրաստանից դեպի Ռուսաստան հաղորդակցությունը կարող է իրականացնել ինքնահռչակ Հվ. Օսեթիայի եւ Աբխազիայի տարածքով։ Տվյալ խնդրի մասին խոսվում էր քսան տարուց ավել, ինչը կարծես անիրականանալի էր թվում շատերին։

Դրական ձեռքբերումների մեջ կարելի է նաեւ շեշտել մեր եւ սփյուռքի կազմակերպությունների միջեւ կապերի սերտացումը եւ հայկական սփյուռքի կողմից Ջավախքի խնդիրների հանդեպ ուշադրության զգալի ավելացումը, չնայած որ այդ ասպարեզում դեռ կան հսկայական անելիքներ։

Ցավոք անցնող տարում մենք բոլորս միասին արձանագրեցինք նաեւ բացասական երեւույթներ, որոնք հատկապես կապված էին որոշ «վիճելի» համարվող եկեղեցիների շուրջ ստեղծված բարդ իրավիճակով։ Նման հարցերում մեր զիջողական մոտեցումը պետք է լուրջ վերանայման ենթարկվի եւ դա պետք է տեղի ունենա հասարակության ներգրավման միջոցով։ Բացասական երեւույթների շարքին պետք է դասենք նաեւ թուրքական գործոնի էլ ավելի հզորացման փաստը Սամցխե-Ջավախք տարածաշրջանում, որին հակազդելու համար հայկական ու վրացական կողմը ոչինչ չէ ձեռնարկել։ Այդ մասին բազմիցս անդրադարձել ենք մեր լրատվամիջոցներում։

Նաեւ հարկ է նշել, որ անցնող տարում, ինչպես եւ նախորդներում, հայ ազգաբնակչության  ներկայացուցիչների քանակը չէ ավելացել տեղական ինքնակառավարման մարմիններում, որը երկու հասարակությունների ինտեգրման համար լուրջ խոչընդոտներ է ստեղծում։ Օրինակի համար Սամցխե-Ջավախքի նահանգապետարանում մինչեւ հիմա աշխատանքի չէ ներկայացված ոչ մի հայ ազգի ներկայացուցիչ, չնայած որ Ջավախքում հայերը կազմում են բնակչության մեծամասնություն։ Գրեթե նման իրավիճակ է նաեւ Ախալցխայի քաղաքապետարանում, որտեղ ազգային փոքրամասնությունների ներկայացվածության աստիճանը չափազանց փոքր է եւ բացարձակ չի համապատասխանում շրջանի էթնիկ նկարագրին։

Այս եւ այլ տեսակի դեռեւս չլուծված խնդիրների հետ միասին պետք է փաստենք, որ Վրաստանը վստահ քայլերով շարժվում է դեպի Եվրոպա, հանուն ինչի մեծ փոփոխություններ է իրականացնում երկրի ներսում, որը անկասկած  լավատեսություն է ներշնչում երկրի ապագայի նկատմամբ։

 

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն