Վրաստանում այլեւս չի արգելվի երկքաղաքացիությունը
Վրաստանի՝ հոկտեմբերին ընդունված սահմանադրությամբ փոխվել են մոտեցումները վրացական քաղաքացիության հարցում. նոր սահմանադրությունն առավել ազատական մոտեցում է որդեգրել Վրաստանի քաղաքացիության հարցում: Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն, հաղորդում է news.am-ը հղում անելով Georgia Online կայքին:
«Մասնավորապես, այլ երկրի քաղաքացիություն ստանալու դեպքում Վրաստանի քաղաքացիութունն ավտոմատ չի կորում, ինչպես սահմանված էր Սահմանադրության նախորդ տարբերակում», — լրագրողներին ասել է Կոբախիձեն:
Նախորդ Սահմանադրության հիման վրա 2015 թվականի դեկտեմբերին Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին զրկվել էր Վրաստանի քաղաքացիությունից, քանի որ Ուկրաինայի քաղաքացիութուն էր ստացել:
Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին 2012-ին ստիպված էր հրաժարվել Ֆրանսիայի քաղաքացիութունից, որպեսզի Վրաստանի քաղաքացի դառնա:
Վրաստանի նոր Սահմանադրությունը ուժի մեջ կմտնի 2018-ի վերջին՝ նախագահական ընտրություններից հետո: