Թրամփին արգելվել է ազատել դատարանի կողմից նշանակված դատախազներին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի կարող «միակողմանիորեն ազատել շրջանային դատարանի նշանակած ԱՄՆ դատախազին», — հաղորդել է Politico-ն՝ հղում անելով դաշնային դատավոր Սթենլի Բաստիանի որոշմանը: Նշվում է, որ այդ որոշումը կայացվել է Ռոջեր Ռոգոֆի հայցով, որին Սպիտակ տան ղեկավարը շրջանային դատարանի նշանակումից անմիջապես հետո հեռացրել էր Վաշինգտոնի Արևմտյան շրջանի դաշնային դատախազի պաշտոնից՝ նրան փոխարինելով Թրամփին հավատարիմ Չարլզ Նիլ Ֆլոյդով:
Նման փոխարինումները, ընդգծել է դաշնային դատավորը, «խախտում են Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված համակարգը, որն ընդհանուր առմամբ հավասարակշռություն է ապահովում պաշտոնատար անձանց նշանակելու նախագահի իրավունքի ու նրանց թեկնածությունները հաստատելու Սենատի իրավունքի միջև»: Սթենլի Բաստիանն ընդգծել է, որ Ռոջեր Ռոգոֆը նախկինի պես դաշնային դատախազ է և այդ պաշտոնը զբաղեցնում է հուլիսի 15-ին երդման պահից, այն դեպքում, երբ նախագահի վարչակազմի կողմից նրա պաշտոնում «ոչ պատշաճ կերպով» նշանակված Ֆլոյդը չունի համապատասխան լիազորություններ:
Բաստիանը նաև հրահանգել է, որ ԱՄՆ գլխավոր դատախազ Թոդ Բլանշը և Արդարադատության նախարարությունը չունենան Ռոգոֆին «պաշտոնից հեռացնելու», նրա ծառայությանը միջամտելու կամ Ռոգոֆից բացի որևէ մեկին ԱՄՆ դատախազ նշանակելու լիազորությունները: Ի պատասխան՝ Արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ կդիմի վերաքննիչ դատարանին՝ բողոքարկման քննարկման ընթացքում արգելափակելու Բաստիանի որոշումը, գրում Է Politico-ն:
Ինչպես նշում է պարբերականը, Դոնալդ Թրամփի վարչակազմը բազմիցս փորձել է շրջանցել ԱՄՆ Սենատի կողմից թեկնածությունների հաստատման ընթացակարգը՝ նախագահին հավատարիմ մարդկանց երկրի բարձրագույն պաշտոններում նշանակելու համար: