Թուրքիան պատերազմից չի վախենում, բայց, ամենայն հավանականությամբ, Իսրայելի հետ ուղղակի բախումից կխուսափի․ Վահրամ Աթանեսյանի անդրադարձը
Մենք մի ժողովուրդ ենք, որ գիտի, թե ինչ է պատերազմը, մենք շատ պատերազմներ ենք անցել։ Տա Աստված, որ պատերազմը մեզ շրջանցի, բայց եթե բանը հասնի ռազմական գործողություններին, դա մեզ համար ծանոթ թեմա կլինի։ Այս մասին նոյեմբերի 21-ին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը։
Ֆիդանը մասնակցել է TGRT Haber հեռուստաընկերության սրահում Մերձավոր Արևելքի իրավիճակի մասին քննարկմանը, որը հեռարձակվել է ուղիղ եթերում։
Նա հավաստիացրել է, որ Անկարան չի պատրաստվում զորքեր ուղարկել Եմեն, բայց հակաօդային պաշտպանության համար Սաուդյան Արաբիային գործուն աջակցություն է ցուցաբերում։
Թուրքիայի արտգործնախարարը սուր քննադատության է ենթարկել Սիրիայի նկատմամբ Իսրայելի ծրագրերը և զգուշացրել, որ արաբական այդ երկրի դեմ ռազմական գործողությունները «կհանգեցնեն անխուսափելի բախման»։
Մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Անկարան և Դամասկոսը քննարկում են «Մեքքայի համաձայնագրին» Սիրիայի միանալու հնարավորությունը։
Պաշտպանական կոչվող այդ դաշինքը երեք ամիս առաջ կնքվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև։ Իսրայելը համարում է, որ այն ուղղված է իր դեմ և հետապնդում է Մերձավոր Արևելքում հրեական պետության օրինական շահերն անտեսելու նպատակ։
Այս ֆոնին Turkiye պարբերականը, հղում կատարելով հունական ԶԼՄ-ներին, հայտնել է, որ Իսրայելը և Հունաստանը ավելի քան 1 միլիարդ եվրո արժեցող համատեղ ծրագիր են քննարկում, որի նպատակը հակահրթիռային պաշտպանության և ռադիոէլեկտրոնային պայքարի բնագավառներում Թուրքիայից սպառնալիքին հակազդեցությունն է։
Ըստ տեղեկությունների՝ այդ նախագիծն ստացել է «Աքիլլեսի վահան» անվանումը։ Հունաստանը նպատակադրվել է ձեռք բերել իսրայելական առաջնակարգ տեխնոլոգիաներ և հրթիռներ։ Կողմերը նաև ծրագրում են Հունաստանի տարածքում ստեղծել ուսումնավարժական համատեղ կենտրոն։
Ավելի վաղ թուրքական մամուլը գրել էր, որ իսրայելա-հունական նախագծին ներգրավված է նաև Կիպրոսը։ Անկարան սպառնացել է, որ Կիպրոսի հյուսիս թուրքական վարչախմբին սպառնալիքի դեպքում կդիմի «համարժեք քայլերի»։
Այսպիսով, Սիրիայում և Միջերկրականի արևելյան հատվածում Իսրայելի ռազմավարական ծրագրերի և Թուրքիայի տարածաշրջանային շահերի միջև հակասությունները ոչ միայն չեն հաղթահարվել, այլև ավելի են սրվել։
Թուրքիայի նախագահը բազմիցս հայտարարել է, որ ամեն ինչ անում է, որպեսզի «պատերազմի հրդեհները երկրից հեռու վանի»։
Նոյեմբերի 21-ին նրա արտաքին գործերի նախարար Ֆիդանը տարածաշրջանի երկրներին և ուժային կենտրոններին դիվանագիտական ուղերձ է հղել, որ Թուրքիան «պատերազմի մարտահրավերից չի խուսափի», այդուհանդերձ, իսրայելա-թուրքական ռազմական ուղղակի բախման հավանականությունը ցածր է։
Անկարան, ամեն հավանականությամբ, «պատերազմի հրդեհը Թուրքիայից հեռացնելու» ողջամիտ ուղեգծին հավատարիմ կմնա։
Վահրամ Աթանեսյան