Աննա Վարդապետյանը և Ալի Ալթինբաևը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հոկտեմբերի 3-ին ընդունել է Ղազախստանի Հանրապետության Ազգային անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալի Ալթինբաևի գլխավորած պատվիրակությանը:
Պատվիրակությունը Հայաստան էր ժամանել մասնակցելու Երևանում կայացած՝ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի հոբելյանական՝ 10-րդ նիստին:
Աննա Վարդապետյանը ողջունել է Ղազախստանի գործընկերոջը ՀՀ գլխավոր դատախազությունում, շնորհակալություն է հայտնել Երևանում կայացած հոբելյանական նիստին մասնակցելու համար և ընդգծել Ղազախստանի գործընկերների հետ համագործակցության բարձր մակարդակը:
«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կողմից Խորհրդի նախագահությունը ստանձնելը արդյունավետ համագործակցության ևս մեկ հնարավորություն է՝ կոռուպցիայի դեմ համատեղ ջանքերով պայքարելու համատեքստում»,- նշել է Աննա Վարդապետյանը:
Ղազախստանի Հանրապետության Ազգային անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին հյուրընկալության և Խորհրդի հոբելյանական նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհուրդը ստեղծվել է ԱՊՀ անդամ պետությունների 6 ղեկավարների կողմից 2013 թվականի հոկտեմբերի 25-ին ստորագրված՝ «Կոռուպցիայի հակազդման Միջպետական խորհրդի կազմավորման մասին» համաձայնագրի հիման վրա, հանդիսանում է ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմին և հաշվետու է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդին:
Խորհրդի անդամներն են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղրղզստանի գլխավոր դատախազները, Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեն, Ուզբեկստանի կոռուպցիայի հակազդման գործակալության տնօրենն ու Տաջիկստանի պետական ֆինանսական հսկողության և կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության տնօրենը:
Նյութերը գեներացվում են տարբեր կայքերից արհեստական բանականության միջոցով