Հարցազրույց «Միսս Հայաստան 2025» Ջավախքի գեղեցկուհու հետ

Հարցազրույց «Միսս Հայաստան 2025» Ջավախքի գեղեցկուհու հետ


«Միսս Հայաստան 2025»-ը Ջավախքի գեղեցկուհին է։

Անուշ Աղաբալյանը Ախալքալաքի մունիցիպալիտետի Զակ գյուղից նվաճել է «Միսս Հայաստան 2025» տիտղոսը: Ձեզ ենք ներկայացնում հարցազրույց ջավախքցի գեղցկուհու հետ:

Պատմիր քո մասին եւ ներկայացրու, թե ինչո՞ւ որոշեցիր մասնակցել մրցույթին

Ես ծնվել եմ Վրաստանի Ախալքալաք քաղաքում, սակայն որոշ ժամանակ ապրել եմ նաև Գյումրիում, որն ինձ համար շատ հոգեհարազատ վայր է։ Այժմ սովորում եմ Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանում՝ արվեստի և հումանիտար գիտությունների բաժնում՝ մասնագիտանալով անգլերեն, լատիներեն և վրացերեն լեզուների լեզվաբանության մեջ։ Ինձ նաև խորապես հետաքրքրում են փիլիսոփայությունը և հոգեբանությունը։

Մրցույթին մասնակցելու որոշումը հեշտ չէր, բայց երկար մտածելուց հետո հասկացա՝ ցանկանում եմ արժանապատվորեն ներկայացնել իմ հայրենիքը՝ Հայաստանը։ Դա ինձ համար պարզապես մրցույթ չէր, այլ հնարավորություն՝ բարձրաձայնելու այն արժեքների մասին, որոնց հավատում եմ՝ հոգևոր ուժ, կրթություն, բարություն։

Միսս Հայաստան տիտղոսը կրելը, ի՞նչ նշանակություն եւ խորհուրդ ունի

Ինձ համար «Միս Հայաստան» կոչումը պարզապես պսակ կամ գեղեցկության գնահատական չէ։ Դա պատասխանատվություն է՝ լինել այն հայուհին, որը ներկայացնում է իր երկիրը ոչ միայն գեղեցկությամբ, այլ խոհեմությամբ, արժանապատվությամբ ու հոգով։ Սա պատիվ է, որն ինձ մշտապես հիշեցնում է՝ իմ քայլերը շատերի համար օրինակ են։

Ի՞նչ ճանապարհ անցար մինչ դարձար տիտղոսակիր, որոնք էին դժվարությունները

Ճանապարհը հեշտ չէր։ Թեև սա իմ առաջին մրցույթն էր, նախկինում հրավերներ ստացել էի մասնակցելու ինչպես «Miss Georgia», այնպես էլ միջազգային գեղեցկության մրցույթների, սակայն հրաժարվել էի, քանի որ իմ սրտի ձայնն ասում էր՝ պետք է առաջին հերթին Հայաստանը ներկայացնեմ։

Դժվարություններն ավելի շատ ներսում էին՝ ինքնավստահության, հավասարակշռության պահերը, և ամեն օր ինքնաճանաչման ճանապարհ անցնելը։ Բայց ես վստահ եմ՝ ամեն մի փորձություն մեզ ձևավորում է։

Նկարագրիր նախամրցութային օրերը, ի՞նչ ճանապարհ անցար, որքա՞ն տեւեց ուսումնական պրոցեսը (եթե եղել է այդպիսին)

Նախամրցութային օրերն իմ կյանքի կարևոր փուլերից էին։ Ես երկար ժամանակ՝ մոտ մեկ տարի, աշխատել եմ ինքս ինձ վրա՝ թե՛ տանը՝ ինքնուրույն, և՛ նաև մրցույթի շրջանակներում։ Այս ընթացքում ես կենտրոնացել եմ և՛ ֆիզիկական պատրաստվածության, և՛ հոգեբանական կայունության վրա՝ զարգացնելով իմ ինքնավստահությունը, ներքին հավասարակշռությունը և կոշտվությունը։ Մենք անցել ենք բեմական փորձեր, սովորել ենք, թե ինչպես պետք է ճիշտ քայլել բեմում, ինչպես ներկայանալ հանդիսատեսի առջև, ինչպես պահել ժպիտն ու հայացքը, պահպանել կանացի հմայքն ու ներքին ուժը։ Ինքս մեկ տարի առաջ եղել եմ պարզապես մասնակից, իսկ մրցույթը կայացավ մեկ տարի անց։ Այդ ողջ ընթացքում շարունակել եմ զարգանալ, սովորել և պատրաստվել՝ սիրով ու նվիրումով։

Ինչո՞վ է հայ գեղեցկուհին առանձնանում եւ ո՞րն է քո յուրահատկությունը

Հայ գեղեցկուհին իր մեջ միավորում է ներքին հզոր ուժն ու հնագույն մշակույթի ժառանգությունը։ Նա ունի հստակ ինքնություն, ամուր հավատք, արժանապատվություն ու խոհեմություն։ Իմ յուրահատկությունը հենց այդ արժեքներին հավատարիմ մնալու մեջ է։ Ես չեմ փորձում նմանվել որևէ մեկին՝ ես ինքս իմ առաքելությունն ունեմ։

Ի՞նչ անելիքներ ունես առաջիկայում եւ որպես միսս Հայաստան ի՞նչ ես անելու

Իմ նպատակն է՝ օգտագործել այս տիտղոսը օգտակար նպատակների համար։ Ես ցանկանում եմ բարեգործությամբ զբաղվել, Նաեւ երազում եմ բնության պաշտպանությանն ուղղված նախագծեր կյանքի կոչել՝ ծառատնկում, կանաչ տարածքների պահպանում։ Եվ իհարկե՝ ներկայացնել Հայաստանը միջազգային մրցույթներում, երբ ժամանակը հասունանա։

Արտաքին աչք շոյող գեղեցկությունից բացի ի՞նչ պետք է ունենալ, որ կարողանաս հաղթել մրցույթում

Արտաքինը միայն մի դուռ է, որը բացվում է աչքերով։ Իսկ իրական հաղթանակը գալիս է ներսից՝ ինքնավստահությունից, հոգու գեղեցկությունից, խելամտությունից և սիրով լցված վերաբերմունքից աշխարհի հանդեպ։

Մրցույթում կարևոր է լինել անհատականություն՝ անպարտելի քո արժեքներով և տեսլականով։

Ի՞նչ խորհուրդ կտաս աղջիկներին, որոնք նայելով քեզ երազում են իրենք էլ դառնան գեղեցկուհի

Իմ խորհուրդն այս է՝ երբեք մի համեմատեք ձեզ ուրիշների հետ։ Ձեր ճանապարհը բացառիկ է։ Սովորեք, սիրեք ինքներդ ձեզ, հոգ տարեք ձեր ներսի մասին։

Երբ դու զարգանում ես, հավատում ես ինքդ քեզ, և ունես սիրտ, որն ուզում է ուրիշներին լույս տալ՝ դու արդեն իսկ գեղեցկուհի ես։

Սոնա Տոնականյան