Ռուս-ուկրաինական բանակցությունները փակուղում են հայտնվել. Վենս

ԱՄՆ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Օրակարգում է եղել ռուս-ուկրաինական հակամարտությունը: Դոնալդ Թրամփը զրուցել է նաև Վոլոդիմիր Զելենսկու հետ: Թրամփ-Պուտին հեռախոսազրույցին ընդառաջ՝ Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի առաջնորդները ևս հեռախոսով բանակցել են Սպիտակ տան ղեկավարի հետ, քննարկել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և Մոսկվայի դեմ հնարավոր պատժամիջոցները:
Պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ հայտարարել է, որ Սպիտակ տան ղեկավարը ցանկանում է հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ՝ հնարավորինս շուտ: Պետքարտուղարը հիշեցրել է, որ ստամբուլյան բանակցություններից հետո Կիևը և Մոսկվան ներկայացնելու են հրադադարի իրենց պայմանները, որոնք, ըստ դիվանագետի, պետք է իրատեսական լինեն: Ռուբիոն նախազգուշացրել է՝ Ռուսաստանի դեմ կարող են պատժամիջոցներ կիրառվել:
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մտահոգություն է հայտնել, որ բանակցությունները «որոշակիորեն փակուղում են հայտնվել»:
«Պուտինը կարծես թե լավ չի պատկերացնում՝ ինչպես դուրս գալ պատերազմից։ Եթե Ռուսաստանը պատրաստ չէ մասնակցել խաղաղության գործընթացներին, Վաշինգտոնը ստիպված կլինի ասել, որ սա մեր պատերազմը չէ», — նախազգուշացրել է պաշտոնյան։
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։