Ուկրաինայի զինված ուժերը Սևաստոպոլի վրա իրականացրել են ԱԹՍ-ներով ամենամասշտաբային հարձակումներից մեկը. Ռազվոժաև

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Ղրիմի վրա անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման մասին: Նախարարության տվյալներով՝ գիշերը ՀՕՊ ուժերը Ռուսաստանի մարզերի վրա խոցել են ուկրաինական 121 անօդաչու թռչող սարքեր, որոնցից 89-ը՝ Ղրիմի, ևս 23-ը՝ Սև ծովի ջրային տարածքի վրա։
Հակաօդային պաշտպանության ուժերը և նավատորմը հետ են մղել Ուկրաինայի զինված ուժերի այս տարվա ամենազանգվածային հարձակումը Սևաստոպոլի վրա, իր Telegram ալիքում հայտնել է նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը։ «Սևաստոպոլին մոտենալիս ոչնչացվել են ավելի քան 50 անօդաչու թռչող սարքեր, իսկ ջրերում՝ մի քանի ծովային դրոն»,- նշել է շրջանի ղեկավարը։ Նրա խոսքով՝ քաղաքում և ջրային տարածքում գտնվող օբյեկտները չեն վնասվել։
Տեղական լրատվամիջոցների տվյալով՝ «մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը Ռուսաստանի ՀՕՊ ուժերի աշխատանքից հետո հրդեհ է բռնկվել Ուգլովոյե գյուղում, որը Ռուսաստանի Սևծովյան նավատորմի Կաչա օդանավակայանից 7 կմ է հեռու»։
Ըստ ռուսական կողմի՝ Ուկրաինայի զինված ուժերը գրեթե ամեն օր անօդաչու թռչող սարքերով փորձում են հարձակվել Ռուսաստանի սահմանային և կենտրոնական շրջաններում գտնվող թիրախների վրա, իսկ հակաօդային պաշտպանության ուժերը խափանում են այդ դրոնները։