Դա լավ նշան է. Զելենսկին արձագանքել է Պուտինի առաջարկին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը «մտածում է հրադադարի մասին» և դա լավ նշան է անվանել։
Այսպես է Ուկրաինայի նախագահը Telegram-ում արձագանքել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին՝ մայիսի 15-ից Ստամբուլում վերսկսել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունները։
Զելենսկու խոսքով՝ Մոսկվան նախ՝ պետք է համաձայնի մայիսի 12-ից հաստատել հրադադար, որից հետո Կիևը պատրաստ կլինի հանդիպման։
Զելենսկին «լավ նշան» է անվանել այն, որ Ռուսաստանը «վերջապես սկսել է մտածել պատերազմը դադարեցնելու մասին», սակայն այդ ուղղությամբ առաջին քայլը կրակի դադարեցումն է:
«Սպանությունները նույնիսկ մեկ օր շարունակելը իմաստ չունի։ Ակնկալում ենք, որ Ռուսաստանը վաղվանից՝ մայիսի 12-ից, կհաստատի լիակատար, տևական և հուսալի հրադադար, և Ուկրաինան պատրաստ կլինի հանդիպել»,- ասել է Զելենսկին։
Հիշեցնենք՝ Մոսկվան Կիևին առաջարկել է մայիսի 15-ին Ստամբուլում անցկացնել ուղիղ բանակցություններ: