Թրամփն այսօր որոշելու է Ուկրաինային օգնությունը դադարեցնելու հարցը. NYT

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հանդիպելու է Ազգային անվտանգության հարցերով իր գլխավոր օգնականների, այդ թվում՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հետ: Ինչպես գրում է The New York Times-ը, հանդիպմանը նախատեսում են քննարկել և, հնարավոր է, միջոցներ ձեռնարկել Ուկրաինայի համար քաղաքականության մի շարք տարբերակների վերաբերյալ: «Դրանք ներառում են Ուկրաինային ամերիկյան ռազմական օգնության կասեցումը կամ չեղարկումը, ներառյալ զինամթերքի և սարքավորումների վերջին մատակարարումները, որոնք հաստատվել և վճարվել են նախագահ Ջո Բայդենի օրոք»,- գրում է պարբերականը:
NYT-ը հիշեցնում է, որ կիրակի Լոնդոնում կայացած հանդիպման ժամանակ Զելենսկին աջակցության ժեստեր է ստացել հանդիպման ներկա 18 առաջնորդներից, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերից, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցից, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիից և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյից: Պարբերականը միաժամանակ նշում է, որ համերաշխության այս դրսևորման ետևում թաքնված է այն խոստովանությունը, որ Միացյալ Նահանգների աջակցությունը չափազանց կարևոր է:
Մինչդեռ ԱՄՆ-ն սպառնում է դադարեցնել զենքի մատակարարումը Ուկրաինային: WSJ-ն կանխատեսում է, որ առանց ԱՄՆ-ի ռազմական օգնության Ուկրաինան կկարողանա ներկայիս տեմպերով ՌԴ-ի դեմ պայքարը շարունակել մինչև ամառ: