Վրաստանում մինչև փետրվարի 25-ը սպասվում է ձնառատ եղանակ

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ փետրվարի 23-25-ին Արեւմտյան Վրաստանում կրկին ձյուն է սպասվում։
Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ ափամերձ շրջաններում երբեմն հնարավոր է քամի, իսկ ծովում՝ 4-6 բալ ուժգնությամբ փոթորիկ։
«Արևմտյան Վրաստանում փետրվարի 23-25-ին կրկին ձյուն է սպասվում, տեղ-տեղ առատ ձյուն։ Ափամերձ շրջաններում ուժեղ, երբեմն շատ ուժեղ քամիներ, ծովում 4-6 բալանոց փոթորիկներ, օդի ջերմաստիճանը գիշերը Կոլխիդյան հարթավայրում կնվազի մինչև -4, -6 աստիճան ցելսուս։
Վրաստանի լեռնային և բարձրլեռնային շրջաններում առկա է մառախուղ, ձնաբքի և ձնահյուսի վտանգ, ճանապարհներին՝ մերկասառույց, էլեկտրահաղորդման գծերի սառցակալում։ Առատ ձյան, վատ տեսանելիության, բքի, տեղ-տեղ մերկասառույցի և ձնահյուսի վտանգի պատճառով ճանապարհների որոշ հատվածներում կարող է սահմանափակվել երթևեկությունը։ Ցածր ջերմաստիճանը կարող է վնասել Կոլխիդյան հարթավայրի ցիտրուսային մշակաբույսերին, հատկապես կիտրոնին: (Վտանգի մակարդակ միջին)»,- ասված է Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդագրության մեջ: