Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը շարունակում են փոխանակել պահվող անձանց

ՀԱՄԱՍ շարժումը Կարմիր խաչի միջոցով Իսրայելին է փոխանցել Գազայի հատվածում պահվող իսրայելցի ևս 5 պատանդի: Նրանցից մեկին պաղեստինյան շարժումը գերեվարել էր ավելի քան 10 տարի առաջ, մյուսներին՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին:
Իսրայելն էլ հրադադարի գործարքի շրջանակում պետք է բանտերից ազատի ավելի քան 600 պաղեստինցու։
Սա Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հունվարին կնքված համաձայնության առաջին փուլում նախատեսված վերջին փոխանակումն է:
Օրերս պաղեստինյան շարժումն Իսրայելին էր փոխանցել 4 պատանդի, այդ թվում՝ 2 երեխայի աճյուն։ Իսրայելի վարչապետը խոստացել է վրեժ լուծել նրանց մահվան համար: Մինչդեռ ՀԱՄԱՍ-ը հայտարարում է, որ նրանք զոհվել են ՑԱՀԱԼ-ի ավիահարվածների հետևանքով: