Իրանի հյուպատոսության գործունեությունը Կապանում լավ է ընթանում. Քանանի

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Թավրիզում ՀՀ գլխավոր հյուպատոսության բացմանը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության գործունեությանը, նշել է, որ Իրանը և Հայաստանը համաձայնագիր են ստորագրել Թավրիզում և Կապանում փոխադարձաբար իրենց գլխավոր հյուպատոսությունների բացման վերաբերյալ:
Քանանին հավելել է, որ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսությունը բացվել է Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում, հայկական կողմն էլ անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ է կատարում Թավրիզում գլխավոր հյուպատոսության բացման համար։ Նա ընդգծել է, որ Իրանի հյուպատոսության գործունեությունը Կապանում լավ է ընթանում, և հյուպատոսական ծառայություններ են մատուցվում բոլոր իրանցի դիմորդներին:
Խոսելով Իրան-Ադրբեջան սահմանին ամբարտակի կառուցման և Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վերաբացման մասին՝ Քանանին հայտնել է, որ ամբարտակի կառուցումը իրականացվել է երկու երկրների ջրային դիվանագիտության շրջանակում։ «Ինչ վերաբերում է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան գործունեության վերսկսմանը, ապա որոշվել են գործունեության վերսկսման մոտավոր ժամկետները, և այդ գործողությունների ծավալը գտնվում է իրականացման փուլում»,-  ասել է Քանանին։ 

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին