Երևանը պարտավոր է կատարել ՀԱՊԿ ֆինանսական պարտավորությունները՝ համաձայն կազմակերպության կանոնադրության. ՌԴ ԱԳՆ



ՌԴ ԱԳՆ-ից ՌԻԱ Նովոստիին հայտնել են, Երևանը պահպանում է ՀԱՊԿ-ի հարցում ֆինանսական պարտավորությունները կազմակերպության կանոնադրությանը համապատասխան: Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտարարել էր, թե Երևանը ձեռնպահ է մնում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 23-ի «ՀԱՊԿ 2024 թվականի բյուջեի մասին» որոշմանը միանալուց և այդ որոշմամբ նախատեսված կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց:
Անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ ԱԳՆ-ն նշել է, որ «ամեն դեպքում մենք հիմք ենք ընդունում այն, որ Երևանը պարտավոր է կատարել ֆինանսական պահանջները՝ համաձայն Կազմակերպության կանոնադրության և ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հաստատած մյուս փաստաթղթերի»։
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը հավելել է, որ «դա միջազգային կազմակերպությունների համաշխարհային պրակտիկա է, որտեղ «ֆինանսական կարգապահությունը» պահպանվում է՝ անկախ կողմերից մեկի՝ անդամակցությունը «կասեցնելու» կամ նույնիսկ դադարեցնելու ցանկությունից։ Հաշվի առնելով հաշվարկված գումարը մուծելուց Հայաստանի ղեկավարության հրաժարվելը՝ անհրաժեշտություն է առաջացել ճշգրտել ՀԱՊԿ ընթացիկ տարվա բյուջեն: ՀԱՊԿ խորհուրդն այժմ համապատասխան որոշման նախագիծ է մշակում:
Ըստ որոշ պարամետրերի՝ ՀԱՊԿ քարտուղարությունը և ՀԱՊԿ միացյալ շտաբը կրճատել են իրենց ծախսերը, բայց առաջին հերթին Երևանի կողմից համապատասխան կառույցներում իր աշխատակիցներին հետ կանչելու կամ քվոտային պաշտոններում չնշանակելու հաշվին։ Քարտուղարությունը ինչ-որ տեղ կօգտագործի առկա պահուստները, ուստի աշխատանքը կշարունակվի բնականոն ռեժիմով։
Հաղորդագրության համաձայն՝ Հայաստանը նախկինում նույնպես պարտք է ունեցել կազմակերպության բյուջե վճարումների առումով, սակայն այդ ժամանակ կազմակերպության գործունեության ֆինանսավորման խնդիրները լուծվել են առկա պահուստների հաշվին, իսկ պարտքը հետագայում մարվել է:
«Հայաստանի Հանրապետության 2024 թվականի բաժնային վճարը սահմանվել է 53,22 միլիոն ռուբլի»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: