«Երգ և պոեզիա՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի» խորագիրը կրող գիտաժողով՝ Սորբոնի համալսարանում
		09.06.2024 . Միջազգային


Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանի կապակցությամբ հունիսի 7-ին և 8-ին Սորբոնի համալսարանում անցկացվել է «Երգ և պոեզիա՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի» խորագիրը կրող գիտաժողով։ Այդ մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը:
 
Գիտաժողովը կազմակերպվել է Սորբոնի համալսարանի դասախոս, ֆրանսիական և համեմատական ​​գրականության պրոֆեսոր, Համեմատական գրականության ֆրանսիական կենտրոնի գիտաշխատող, Բեռնար Ֆրանկոյի, «Ազնավուր» հիմնադրամի և «Ֆրանսիական գրականության օրեր» ասոցիացիայի նախաձեռնությամբ։
 
 
Երկօրյա գիտաժողովի բացման արարողությանը ներկա են գտնվել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Շառլ Ազնավուրի որդին՝ Միշա Ազնավուրը, գիտաժողովի նախաձեռնող, Սորբոնի համալսարանի դասախոս Բեռնար Ֆրանկոն, գրական շրջանակների ներկայացուցիչներ, ուսանողներ, հյուրեր։
 
Գիտաժողովին Ազնավուրի՝ որպես երգչի, երգահանի, բանաստեղծի, դերասանի, ​​ստեղծագործությունների վերաբերյալ զեկույցներով են հանդես եկել Ֆրանսիայի և միջազգային համալսարանների անվանի ակադեմիկոսներ, գրականագետներ, երաժշտագետներ։
 
Դեսպան Տոլմաջյանն իր խոսքում երախտագիտություն է հայտնել Սորբոնի համալսարանին գիտաժողովի հյուրընկալման, ինչպես նաև բանախոսներին՝ հարուստ և հետաքրքիր քննարկումների համար, անդրադարձել աշխարհահռչակ մեծանուն արտիստի բանաստեղծական և երաժշտական ու դերասանական ստեղծագործական հարուստ գործունեությանը, ընդգծել նրա հիշատակի ոգեկոչման, ինչպես նաև նրա ինքնատիպ ժառանգությունը հաջորդ սերունդներին փոխանցելու կարևորությունը։
 
Շեշտել է իրեն 100% հայ և 100% ֆրանսիացի համարող մեծանուն գործչի անմնացորդ նվիրումն ու դերակատարությունը հայ ժողովրդի համար կարևոր հարցերում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման, 1988 թվականին Հայաստանի ավերիչ երկրաշարժի և Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի նկատմամբ իրականացված պատմական անարդարության համատեքստում։
 
Գիտաժողովի շրջանակում Սորբոնի համալսարանում կազմակերպվել է Ազնավուրի հիշատակին նվիրված համերգ՝ երգչուհի, դերասանուհի Ժոանա Մանդիլի կատարմամբ և 1994-ից ի վեր Շառլ Ազնավուրի խմբավար, կոմպոզիտոր, դաշնակահար Էրիկ Վիլմսի նվագակցությամբ:
 
Գիտաժողովը կազմակերպվել է L’Harmattan հրատարակչության կողմից հրապարակվող L’Orizzonte  ժողովածուի տնօրեն Ջովանի Դոտոլիի հետ համագործակցաբար։
 

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին