Անօդաչու սարքերն առաջին անգամ հարձակվել են Հյուսիսային Օսիայի վրա
		08.06.2024 . Տարածաշրջան


Հունիսի 8-ի առավոտյան Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը Հյուսիսային Օսիայի տարածքում ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել՝ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը՝ չհայտնելով մանրամասներ։

Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն էլ հայտնել է, որ Մոզդոկում երեք ԱԹՍ են խոցել, անօդաչուները «թռել են ուկրաինական կողմից», և դրանց թիրախը եղել է ռազմական օդանավակայանը։ Զոհեր և ավերածություններ չկան՝ ընդգծել է նա։

Նախկինում տեղեկություն չի եղել Հյուսիսային Օսիայում անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին, որը մարտական ​​գոտուց զգալիորեն հեռու է։ Հյուսիսային Օսիան և ուկրաինական Զապորոժիե քաղաքը ուղիղ գծով բաժանված են մոտ 900 կիլոմետրով։

Բաց տվյալների համաձայն՝ Մոզդոկի ռազմական օդանավակայանում է տեղակայված ռուսական 485-րդ առանձին ուղղաթիռային գունդը։ Ուկրաինական լրատվամիջոցները պնդում էին, որ անցյալ տարվա գարնանից Ռուսաստանն այդ օդանավակայանը սկսել է օգտագործել ռազմավարական ինքնաթիռներ ընդունելու և գործարկելու համար:

Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության անանուն ներկայացուցիչն էլ «Украинская правда»-ին հայտնել է, որ Մոզդոկի ռազմական օդանավակայանի վրա կիրառվել են հայրենական արտադրության անօդաչու թռչող սարքեր:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին