Թուրքիայից հետ կանչված իսրայելցի դիվանագետները վերադառնում են այդ երկիր. Middle East Eye
		13.05.2024 . Տարածաշրջան


Իսրայելը մայիսին սկսել է աստիճանաբար Թուրքիա վերադարձնել վեց ամիս առաջ հետ կանչված իր դիվանագետներին՝ չնայած Գազայի հատվածում ռազմական գործողությունների պատճառով երկու երկրի միջև լարվածության աճին: Այդ մասին հայտնում է բրիտանական Middle East Eye (MEE) պորտալը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։

«Իսրայելցի դիվանագետների մեկնումը պայմանավորված էր անվտանգության նկատառումներով, Իսրայելն այժմ փորձում է նրանց աստիճանաբար վերադարձնել Թուրքիա»,- պորտալի հետ հարցազրույցում ասել է իսրայելական աղբյուրը։

Թուրք պաշտոնյան նույնպես հաստատել է այդ տեղեկությունը։ Բացի այդ, Իսրայելի աղբյուրները պորտալին հայտնել են, որ անցյալ տարվա հոկտեմբերին պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակումից հետո երկրում թուրքական դիվանագիտական ​​առաքելության կազմը չի նվազել։ Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատունը և Երուսաղեմում հյուպատոսությունն այս ամբողջ ընթացքում բաց են եղել։

Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացել են պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ֆոնին։ 2023 թվականի հոկտեմբերի վերջին Իսրայելի ԱԳՆ-ն հայտարարեց Անկարայից դիվանագետներին հետ կանչելու մասին՝ «իսրայելա-թուրքական հարաբերությունները վերագնահատելու նպատակով»։ Թուրքիան էլ իր հերթին Թել Ավիվից հետ կանչեց իր դեսպանին խորհրդակցությունների համար։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին