Գերմանիան վճռական է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին. Բերբոք



Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը հնարավոր է համարում: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը` Բերբոքը նշել է, որ իր երկիրը մտադիր է հետագայում ևս աջակցել կողմերի` հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին:
«Մենք հավատում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանն այժմ հնարավորություն ունեն տևական ցավոտ հակամարտությունից հետո ամուր խաղաղության հասնելու»,- ասել է Բերբոքը:
Գերմանիայի ԱԳ նախարարը պատմել է այն «համարձակ քայլերի» մասին, որ ձեռնարկում են երկու երկրները` բազմաթիվ մարդկանց մահերով ու մեծ տառապանքներով լցված անցյալը հաղթահարելու ուղղությամբ: Նա նշել է` առաջ շարժվելու համար վճռականություն է պետք:
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պայմանավորվել են առկա խնդիրները լուծել բացառապես խաղաղ ճանապարհով: Գերմանիան վճռական է երկու երկրների ջանքերին աջակցել, օրինակ, որպես բանակցություններ կազմակերպող, բանակցություններ, որոնք կայացան չորեքշաբթի և կշարունակվեն հինգշաբթի օրը»,- ասել է նա: