ԱՄՆ ռազմաօդային ուժերի զինծառայողն ինքնահրկիզվել է Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան մոտ



ԱՄՆ ռազմաօդային ուժերի զինծառայողն ինքնահրկիզվել է Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան դիմաց, հայտնում են ԱՄՆ արտակարգ իրավիճակների ծառայությունները։ Մինչ դա անելը, նա բղավել է՝ «Ազատություն Պաղեստինին», հայտնում է BBC-ն:
ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատակիցները մարել են կրակը, իսկ տուժածին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց։ Ավելի ուշ Պենտագոնը հայտնել է, որ զինծառայողը մահացել է։
Ամերիկյան լրատվամիջոցները, հղում անելով ԱՄՆ ռազմաօդային ուժերի ներկայացուցչին, հայտնել են, որ ինքնահրկիզված տղամարդը գտնվում էր ակտիվ զինվորական ծառայության մեջ։ Գործի առիթով հետաքննություն է սկսվել:
Ըստ լրատվամիջոցների՝ տղամարդն ինքնահրկիզվելուց առաջ ասել է, որ «այլևս չի ցանկանում մասնակցել ցեղասպանությանը», ապա սկսել է բղավել «Ազատություն Պաղեստինին»։
Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ դեսպանատան աշխատակիցները չեն ճանաչում ինքնահրկիզված տղամարդուն:
BBC-ն նշում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ ԱՄՆ-ում Իսրայելի դիվանագիտական ​​ներկայացուցչության դիմաց ինքնահրկիզում է տեղի ունենում։
Անցած դեկտեմբերին Ջորջիա նահանգում Իսրայելի հյուպատոսության դիմաց մի տղամարդ բենզին էր լցրել իր վրա ու ինքնահրկիզվել։ Ոստիկանությունը հայտնել էր, որ դեպքի վայրում պաղեստինյան դրոշ էին հայտնաբերել։