Հարավային Կորեայում ռեկորդային թվով ռուսաստանցիներ են ապաստան խնդրել



Անցյալ տարի Հարավային Կորեայում քաղաքական ապաստան են խնդրել ռեկորդային թվով ռուսաստանցիներ: Այդ մասին հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի ներգաղթի ծառայության զեկույցը։ 2023 թվականին իշխանությունները գրանցել են 5750 ՌԴ քաղաքացիություն ունեցողի։ Մինչդեռ մեկ տարի առաջ քաղաքական ապաստան էր խնդրել ընդամենը 1038 ռուսաստանցի, 2024 թվականի հունվարին էլ ապաստան է խնդրել Ռուսաստանի 376 քաղաքացի: Կորեայի ներգաղթի ծառայության տվյալներով՝ 2023 թվականին ապաստանի համար դիմումների թիվն ամենաբարձրն է եղել վերջին ութ տարվա ընթացքում։
Ընդհանուր առմամբ, 2023 թվականին Հարավային Կորեայում ապաստանի 18838 խնդրանք է գրանցվել։ Ամենաշատ խնդրագրեր ստացվել են ռուսաստանցիներից, նրանց հաջորդում են Ղազախստանի քաղաքացիները՝ 2094, Չինաստանը՝ 1282, Մալայզիան՝ 1205, Հնդկաստանը՝ 1189, Մոնղոլիան՝ 836 և Թուրքիան՝ 564:
Միաժամանակ Հարավային Կորեայում գործում է միգրացիոն շատ խիստ օրենսդրություն՝ 1994 թվականից մինչև 2023 թվականի վերջ փախստականի կարգավիճակ ստանալու համար այդ երկրի իշխանություններին է դիմել 103760 մարդ, և նրանցից միայն 4052-ն են այն ստացել։ Դիմումատուների ապաստան խնդրելու ամենատարածված պատճառը կրոնական հետապնդումն է, որից հետո՝ քաղաքական հետապնդումը: Այլ պատճառներից են խտրականությունը որոշակի սոցիալական խմբի, ռասայի կամ ազգային պատկանելության համար: