Բրիտանական The Telegraph-ի լրագրող Ռոլանդ Օլիֆանթի հարցին՝ վախ ունի արդյո՞ք ՀՀ վարչապետը, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարող է սկսվել 3-րդ պատերազմը, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է՝ վախը ճիշտ բառ չէ օգտագործելու համար:

«Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական, զարգացող պետություն է, և Հայաստանն իրականացնում է լայնածավալ բարեփոխումներ իր երկրի դիմակայունությունը բարձրացնելու համար, և իմիջիայլոց, վերջին տարիներին կարծում եմ միջազգային հանրությունը տեսավ և մեր հանրությունն էլ տեսավ, որ մեր երկրի դիմակայունությունն էականորեն բարձրացել է:

Մենք շարունակում ենք բարեփոխումների ճանապարհը Հայաստանի դիմակայունությունը մեծացնելու և բարձրացնելու վերաբերյալ: Ինչ վերաբերում է տարածաշրջանային ապակայունացմանը և դրան ուղղված քայլերին, իհարկե, ցանկացած բանական մարդու մոտ դա առաջացնում է մտավախություններ»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը շեշտել է՝ մենք Ադրբեջանի հետ ունենք ստորագրած փաստաթուղթ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման վերաբերյալ:

«Եթե այս տրամաբանությամբ նայենք, և եթե Ադրբեջանը չի հարգում կամ չպիտի հարգի իր իսկ կողմից ստորագրած փաստաթղթերը, ուրեմն Ադրբեջանը կարող է հարձակվել ցանկացած երկրի վրա, ինչո՞ւ միայն Հայաստանի վրա: Նայեք Ադրբեջանի շուրջը, եթե ինքն իր միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները չի հարգում, ուրեմն կարող է ցանկացած իր հարևան երկրի վրա հարձակվել, եթե այդպես է»,- ասել է վարչապետը:

The Telegraph-ի մեկնաբանի հարցին՝ հավատո՞ւմ է արդյոք ՀՀ վարչապետը նախագահ Ալիևին, որ վերջինս կպահի այդ պարտավորությունները: Փաշինյանը պատասխանել է. «Ես հավատում եմ Աստծուն, և ես կարծում եմ, որ յուրաքանչյուր իրեն հարգող պետություն պետք է հետևի իր ստանձնած պարտավորություններին»:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին