Կարևորում ենք մեր գործընկերների, բարեկամների ջանքերի համադրումը՝ ուղղված Հարավային Կովկասում տևական կայուն խաղաղություն ունենալուն. Արարատ Միրզոյան

Կարևորում ենք մեր գործընկերների, բարեկամների ջանքերի համադրումը՝ ուղղված Հարավային Կովկասում տևական կայուն խաղաղություն ունենալուն. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳՆ-ում այսօր կայացել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: 
Հանդիպման արդյունքներով ՀՀ և ԻԻՀ ԱԳ նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։
Ստորև ներկայացված է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի համար հայտարարությունը և պատասխանները լրագրողների հարցերին: 
«Մեծարգո՛ պարոն Հոսեյն Ամիր Աբդոլլահիան, իմ թանկագին բարեկամ և ընկեր,
Ձերդ գերազանցություն,
հարգելի՛ ներկաներ,
Ուրախ եմ ողջունել պարոն նախարարի գլխավորած պատվիրակությունը Հայաստանի Հանրապետությունում: Այս այցը կարելի է համարել մեր երկկողմ շփումների ընթացիկ տարին ամփոփելու համար շատ լավ հնարավորություն, և այս առումով ես պետք է գոհունակությամբ արձանագրեմ մեր համատեղ աշխատանքի կարևոր ձեռքբերումները:
Անշուշտ, այցի ընթացքում հնարավորություն եղավ նաև նախանշել այն ճանապարհները, այն կոնկրետ ծրագրերը, որոնց ուղղությամբ պետք է շարժվենք արդեն նաև գալիք տարում:
Ես ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության և հայ ժողովրդի համար առանձնակի նշանակություն ունեն բազմադարյա պատմություն ունեցող և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-իրանական ջերմ հարաբերությունները: Բարձրաստիճան այսպիսի այցերը հենց այդ հարաբերությունների և այդ հարաբերությունների հենց այդպիսի ընկալման դրսևորում են: 
Հարգելի՛ գործընկերներ,
Այսօր մեր քննարկումներում անդրադարձ ենք կատարել երկկողմ փոխգործակցությանը, որն ընդգրկում է տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, բարձր տեխնոլոգիական և բազմաթիվ այլ բնագավառներ, ոլորտներ: Իհարկե, նշված բոլոր ոլորտները մեզ համար շատ կարևոր են, բայց ընդգծեմ, որ հատկապես ես և իմ հարգելի իրանցի գործընկերը վերահաստատել ենք երկկողմ առևտրաշրջանառության ծավալներն ավելացնելու՝ սկզբում տարեկան մեկ, այնուհետև երեք միլիարդ դոլարի հասցնելու պատրաստակամությունը՝ համաձայն ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների: 
Ընթացիկ կամ անցնող տարում կարևոր ձեռքբերում պետք է համարել «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի երկարաձգման վերաբերյալ պայմանագրի ստորագրումը: Լիահույս ենք նաև, որ համատեղ քայլերի արդյունքում առաջիկայում շոշափելի առաջընթաց կտեսնենք, և ավարտին կհասցվեն Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարական աշխատանքները:
Նաև կարևորություն եմ ուզում հաղորդել Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի հարթակին, որի հաջորդ՝ 18-րդ, նիստը հնարավորություն կընձեռի ևս նոր լիցք հաղորդել մեր հարաբերություններին և դրանց զարգացմանը:
Անդրադառնալով ենթակառուցվածքային կարևոր նշանակության թեմաներին՝ ուզում եմ ընդգծել, և մենք կարևորել ենք մեր քննարկումներում այսօր, «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» և Պարսից ծոցը Սև ծովին կապող միջազգային տրանսպորտային երթուղիների լիարժեք գործարկման անհրաժեշտությունը:
Այս առումով և նաև իրանական ընկերությունների մասնակցության առումով Հայաստանի տնտեսական կյանքում կարևորություն ենք հաղորդել Ագարակ-Քաջարան 32 կմ ճանապարհահատվածի շինարարության աշխատանքներում Սյունիքի մարզում իրականական ընկերությունների ներգրավմանը, ինչն ազդարարվեց արդեն ընթացիկ տարվա հոկտեմբերին ԻԻՀ ճանապարհների և տրանսպորտի նախարարի՝ ՀՀ կատարած այցի ընթացքում: 
Այս ծրագրերի կարևորությունը, իհարկե, միայն երկկողմ հարթությամբ չի սահմանափակվում: Այս համատեքստում մենք նախարար Աբդոլլահիանի հետ քննարկել ենք նաև ՀՀ կառավարության առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի նպատակն ինքնին, ինչպես գիտեք, տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնումն է և զարգացումը. երկաթուղիներ, խողովակաշարեր, ավտոճանապարհներ, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր։ Մեզ համար առանցքային է, որ այս գործընթացի հիմքում ընկած լինեն երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության, հավասարության սկզբունքները: 
Հարգարժա՛ն պարոն Աբդոլլահիան,
Ուրախությամբ պետք է արձանագրենք, որ տարածաշրջանային հաղորդակցային ուղիների լիարժեք շահագործման հարցում Հայաստանի և Իրանի որդեգրած քաղաքականությունը, մոտեցումները լիովին համահունչ են: Եվ այս առումով մենք կարևորում ենք Իրանի Իսլամական Հանրապետության հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության, սահմանների անքակտելիության, ինքնիշխանության հարցում, որը մեկ անգամ չէ, որ դրսևորվել է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից:
Հարգելի ներկաներ,
Ես գործընկերոջս և նրա գլխավորած պատվիրակությանը ներկայացրել եմ նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության գործընթացում զարգացումները և մանրամասները:
Մենք կարևորում ենք մեր գործընկերների, բարեկամների ջանքերի համադրումը՝ ուղղված Հարավային Կովկասում տևական կայուն խաղաղություն ունենալուն: Անդրադարձ ենք կատարել նաև Իրանի Իսլամական Հանրապետության, մյուս գործընկերների աջակցությանն այս խաղաղության գործընթացին:
Նախարար Աբդոլլահիանին ներկայացրել եմ նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված հարձակումները և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բռնի տեղահանությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության ջանքերը՝ հոգալու բռնի տեղահանված անձանց, փախստականների, 100 հազարից ավելի մարդկանց կարիքները: 
Ամփոփելով՝ կուզենայի առանձնացնել նաև Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի յուրօրինակ դերը՝ որպես երկկողմ և բազմակողմ երկխոսության և համագործակցության հարթակ: Օրեր առաջ վերջին իրադարձությունն այս հարթակի տեղի ունեցավ Թեհրանում, և այժմ մենք քննարկում ենք հաջորդ հանդիպումը Երևանում անցկացնելու հնարավորությունը: Առհասարակ, ես առավելապես խոսեցի երկկողմ հարաբերություններից, բայց ուզում եմ ասել, որ մեր համագործակցությունը, ինչպես այս հարթակի դեպքում, ամենևին չի սահմանափակվում երկկողմով: Մեր համագործակցությունը դրսևորվում է նաև բազմակողմ հարթակներում, կան մի շարք եռակողմ հարթակներ, որոնց իրականացման և կյանքի կոչման ուղղությամբ և՛ մենք, և՛ Իրանի Իսլամական Հանրապետությունը գործադրում ենք ջանքեր և պատրաստակամ ենք միմյանց նաև այդ հարթակներում տեսնել: 
Մեծարգո՛ գործընկեր, պարո՛ն Աբդոլլահիան,
Վերահաստատելով Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքական կամքն ու պատրաստակամությունը հաստատակամորեն խորացնել ջերմ և բարիդրացիական հարաբերություններն Իրանի Իսլամական Հանրապետության հետ՝ սիրով խոսքը փոխանցում եմ Ձեզ»: