ԼՂ հայերի համար տնից հեռանալը միակ հնարավոր տարբերակն էր. Դունյա Միյատովիչի զեկույցը

ԼՂ հայերի համար տնից հեռանալը միակ հնարավոր տարբերակն էր. Դունյա Միյատովիչի զեկույցը

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչն ավարտել է այցը Հայաստան և Ադրբեջան՝ կենտրոնանալով ԼՂ-ում և նրա շրջակայքում հակամարտությունից տուժած մարդկանց մարդու իրավունքների իրավիճակի վրա։
2023 թվականի հոկտեմբերի 16-23-ը Հայաստան, Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ կատարած այցի ավարտից հետո Դունյա Միյատովիչն ասել է, որ երկու երկրի միջև հաշտեցման և կայուն խաղաղության ճանապարհին առաջնային պետք է լինեն մարդու իրավունքների լիակատար հարգանքը և համապատասխան միջազգային չափանիշներին խստորեն հետևելը։
Այցի պատճառը սեպտեմբերի վերջին ընդամենը մի քանի օրում Հայաստան փախած ավելի քան 100.600 ղարաբաղցի հայերի զանգվածային տեղահանումն էր: Դա հետևեց սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի ռազմական գործողություններին, Ալիևի կողմից տարածաշրջանի հետագա լիակատար վերահսկողությանը, մարդկանց տեղաշարժի և հիմնական ապրանքների, ծառայությունների ու էներգակիրների հասանելիության երկարատև խախտումներին, որոնց ղարաբաղցի հայերը բախվեցին Լաչինի միջանցքով ճանապարհի իննամսյա արգելափակման հետևանքով: «Նրանք լքված էին՝ որևէ կողմից չստանալով անվտանգության կամ պաշտպանության հուսալի երաշխիքներ։ Նրանց համար տնից հեռանալը միակ հնարավոր տարբերակն էր»,- ասել է հանձնակատարը:
Դունյա Միյատովիչը Հայաստանում հանդիպել է իշխանության ներկայացուցիչների հետ, այցելել է տեղահանվածների ապաստարանները Կոտայքի մարզի Աղավնաձոր և Ծաղկաձոր քաղաքներում, որտեղ զրուցել է Ղարաբաղի հայերի, այդ թվում՝ ընտանիքների, տարեցների, հաշմանդամություն ունեցող և այլ խոցելի անձանց հետ: Հանձնակատարը հանդիպել է նաև միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարն այցելել է նաև Ադրբեջան, հանդիպել այդ հանրապետության ղեկավարների հետ, այնուհետև նա այցելել է Լեռնային Ղարաբաղ: Միյատովիչը գրել է, որ ցնցվել է բնակավայրերի ավերածություններից, հանդիպել է մի քանի էթնիկ հայերի, ինչպես նաև տարածաշրջան վերադարձած ադրբեջանցիների: Ի դեպ, զեկույցում Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը նշված են ադրբեջանական անվանումներով:
Հանձնակատարը երկու կողմերի իր պաշտոնական զրուցակիցների հետ քննարկել է ղարաբաղյան տարածաշրջանում և շրջակայքում հակամարտության մարդասիրական ու մարդու իրավունքների հետևանքները: Նա մեկ անգամ ևս ընդգծել է բոլոր տեղահանվածների մարդու իրավունքների ապահովման կարևորությունը, ներառյալ նրանց՝ արժանապատիվ ու անվտանգ վերադառնալու, ականներից և պատերազմի պայթյունավտանգ մնացորդներից պաշտպանվելու, գերիների՝ պաշտպանություն ստանալու իրավունքը, անհետ կորածների ճակատագրի ու գտնվելու վայրի մասին տեղեկություն ստանալու իրավունքները, հակամարտության հետ կապված մարդու իրավունքների լուրջ խախտումների վերաբերյալ անկախ և արդյունավետ հետաքննություն անցկացնելու անհրաժեշտությունը և տուժածներին համարժեք ու արդյունավետ փոխհատուցում տրամադրելու կարևորությունը: Նա ընդգծել է, որ այժմ, առավել քան երբևէ, բոլոր կողմերը պետք է վճռական գործողություններ ձեռնարկեն ատելության խոսքը կանխելու և դրա դեմ պայքարելու համար, ինչպես նաև աջակցեն համակեցությանն ու հաշտեցմանը նպաստող նախաձեռնություններին:
Առաջիկայում սպասվում են հանձնակատարի դիտարկումներն ու առաջարկությունները: