Ֆրանսիայի քաղաքական գործիչները կոչ են անում աջակցել Լեռնային Ղարաբաղին

Ֆրանսիայի քաղաքական գործիչները կոչ են անում աջակցել Լեռնային Ղարաբաղին

Ֆրանսիական Le Figaro պարբերականը հրապարակել է երկրի Հանրապետական կուսակցության ավելի քան 170 պատգամավորների, սենատորների և տարածքային մարմինների ընտրված ղեկավարների, այդ թվում՝ Ժերար Լարշեի, Քսավիե Բերտրանի, Վալերի Պեկրեսի, Լորան Վուկեսի, Դեյվիդ Լիսնարի, Բրունո Ռետայոյի, Օլիվիե Մառլեի, Ֆրանսուա-Քսավիե Բելամիի և Էրիկ Սիոտիի կոչը՝ կանխելու «Լեռնային Ղարաբաղի ծրագրված վախճանը» և տարածքի հայ բնակչության` ջարդերի ենթարկվելու վտանգը:
«Սա տագնապի ահազանգ է, որը մենք ուզում ենք բարձրացնել այստեղ: Սա տագնապալի ազդակ է նրանց համար, ովքեր չեն ցանկանում լռել ընդդեմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշման ծրագրված վախճանի և այդ տարածքի հայ բնակչության զանգվածային սպանությունների վտանգի:
Հայաստանը 2020 թվականի աշնանը Ադրբեջանի տարած հաղթանակից հետո հայտնվել է խիստ թուլացված և խոցելի վիճակում: Այդ ժամանակից ի վեր, Բաքվի ռեժիմի հետ Հայաստանի՝ խաղաղությանը միտված բանակցությունները տեղի են ունենում ուժերի լիակատար անհավասարակշռության պայմաններում: Ռուսաստանի դե ֆակտո և դե յուրե դաշնակից Ադրբեջանը, ինչպես օրեր առաջ այդ մասին հիշեցրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, վեց ամիս շարունակ անմարդկային շրջափակում է իրականացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության չգրավված հատվածի նկատմամբ՝ սովի ենթարկելու և այնտեղ ապրող 120.000 հայերին վտարելու բացահայտ հայտարարված հավակնությամբ:
Ռուսական խաղաղապահ ուժերը, որոնք պետք է երաշխավորեին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ազատ տեղաշարժը, փաստացի նաև մատակարարումները, ի ցույց դրեցին իրենց անկարողությունը։ Փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանի կայացրած անհապաղ ապաշրջափակում պարտավորեցնող որոշումն Իլհամ Ալիևի համար մնացին անհետևանք։
Մնալով միայնակ և առանց օժանդակության գերզինված Ադրբեջանի ռազմատենչ ու պահանջատիրական նկրտումներին դեմ հանդիման՝ Հայաստանն այժմ փորձում է փրկել իր սեփական տարածքային ամբողջականությունը։ Այս համատեքստում հանդես ենք գալիս Ֆրանսիայի Հանրապետության նախագահին ուղղված պաշտոնական կոչով․ Ֆրանսիան կարող է միջամտել, Ֆրանսիան պետք է միջամտի:
Մենք պարտավոր ենք դա անել, որովհետև ինչպես Հայաստանի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հայերը ոչ միայն մարմնավորում են ժողովրդավարական արժեքները մի տարածաշրջանում, որտեղ առանց բացառության իշխում են ավտորիտար, մինչև անգամ, բռնապետական ​​պետությունները, այլև ստանձնել են մեզ համար ընդհանուր քրիստոնեական մշակույթի առաջապահի դերը։ Պարտավոր ենք դա անել, քանի որ դա է թելադրում պաշտպանելու մեր պատասխանատվությունը, որը բխում է 2005 թվականին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի առջև ստանձնած մեր պարտավորություններից:
Կարող ենք և պետք է միջամտենք՝ կրկին հրավիրելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ ընթացող բանակցությունների շրջանակը վերափոխելու համար: Քանի որ ընդունել այդ բանակցություններն այնպիսին, ինչպիսին դրանք ընթացել են մինչև Քիշնև, այսինքն՝ Ֆրանսիայի և Արևմուտքի վրայից հանելով Լեռնային Ղարաբաղի հայերին վերստին լքելու պատասխանատվությունը, ինչպես ժամանակին լքել էինք Կիլիկիայի հայերին, կնշանակի համաձայնել մոտալուտ պատերազմին, Հայաստանի և տարածաշրջանի ապակայունացմանը, ինչը վտանգավոր է բոլորիս համար։
Ուստի, Անվտանգության խորհուրդը պետք է իր բանաձևով պարտադրի այն փաստը, որ այս բանակցությունների նախապայմանը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ էթնիկ զտման ցանկացած գործընթացի բացառման բացարձակ երաշխիքը։ Անվտանգության նման երաշխիքը, որը Ֆրանսիան պետք է պահանջի և պարտադրի, կհենվի միայն միջդիրքային միջազգային ուժերին տրված մանդատի վրա, որոնք կլրացնեն իրենց անարդյունավետությամբ աչքի ընկած ռուսական խաղաղապահ ուժերին․ վերջիններիս՝ 2025 թվականից հետո մանդատի երկարաձգումը վտանգված է: Ի վերջո, այդ բանաձևը պետք է սահմանի, ըստ էության վերականգնի, Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը՝ որպես նրանց կյանքի և արժանապատվության հիմնարար իրավունքի գլխավոր երաշխիք՝ դիմակայելու ռասայական ատելության հիմքի վրա կառուցված ադրբեջանական պետությանը։
Հրամայական ենք համարում, որ նախագահ Մակրոնը  կյանքի և արժանապատվության այս հիմնարար իրավունքի սկզբունքը վերահաստատի հենց Գորիսում՝ շրջափակված Լեռնային Ղարաբաղի դարպասների մոտ, ինչպես նրան նախորդող նախագահները՝ Ֆրանսուա Միտերանը և Ժակ Շիրակը, արեցին Սարաևոյում։
Մի աշխարհում, որտեղ կործանիչ և ծավալապաշտ  ուժերն առաջընթաց են արձանագրում, Ֆրանսիան կարող է և պետք է հանդես գա հայ-ադրբեջանական բանակցություններում հավասարակշռությունը վերականգնելու նախաձեռնությամբ՝ մեր բոլոր գործընկերների հետ վերաիմաստավորելով Հարավային Կովկասում հաստատված անվտանգային ճարտարապետությունը:
Այս վերաձևակերպման դրսևորումը պետք է լինի նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանական կարողությունների հզորացումը, ինչին պետք է մեր նպաստը բերենք։ Քանի որ միայն Հայաստանը, որն ի զորու է ինքնապաշտպանվելու, կվերագտնի իր ինքնավստահությունը, վստահությունը ժողովրդավարական արժեքների հանդեպ, որի գրեթե միակ կրողն է տարածաշրջանում»,- նշված է գործիչների հայտարարությունում: