Թուրքիայի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն մայիսի 19-ին

Թուրքիայի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն մայիսի 19-ին

Թուրքիայում կայացած նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն մայիսի 19-ին։ Թուրքական պետական ​​«Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ հաշվվել է ընտրատեղամասերի ավելի քան 98 տոկոսը։
Ներկայում առկա տվյալների համաձայն՝ նախագահական ընտրություններում Ռեջեփ Թայիփ Էրդողանը ունի 49,24 տոկոս։ Նա հավաքել է ավելի քան 26 միլիոն ձայն։ Միևնույն ժամանակ, Էրդողանը պարտվում է երեք խոշոր քաղաքներում՝ Անկարայում, Իզմիրում և Ստամբուլում։
Երկրորդ տեղում է ընդդիմադիր վեց կուսակցությունների թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 45,06%։ Նա ստացել է ավելի քան 23 միլիոն ձայն։ Երրորդ տեղում Սինան Օգանն է՝ 5,28%: Նրան աջակցել է ավելի քան երկու միլիոն ընտրող։
Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, ապա Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունն այժմ օրենսդիր մարմնում կունենա 266 պատգամավոր։ Իշխող կուսակցության արդյունքը նախորդ ընտրությունների համեմատ վատացել է, այնուամենայնիվ, կոալիցիոն գործընկերների հետ միասին Էրդողանը նոր խորհրդարանում կունենա 323 պատգամավոր եւ կպահպանի մեծամասնությունը։
Թուրքիայում ձայների հաշվման գործընթացը դեռ շարունակվում է։ Կուսակցությունները պետք է մինչև մայիսի 16-ը բողոքարկեն արդյունքները շրջանային հանձնաժողովներում, որոնք վերանայվում են Բարձրագույն ընտրական խորհրդի անդամների կողմից։ Մայիսի 19-ին պետք է հրապարակվեն նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները։ Եթե ​​նշված արդյունքները չփոխվեն, ապա երկրում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, որը կկայանա մայիսի 28-ին։Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։