Պաշտպանության նախարարություն — Ջուանշեր Բուրճուլաձեն Լլոյդ Օսթինի հետ քննարկել է Վրաստանի և ԱՄՆ-ի միջև պաշտպանության և անվտանգության ոլորտում ռազմավարական համագործակցության հարցեր |

Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ջուանշեր Բուրճուլաձեն ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինի հետ հանդիպման ժամանակ քննարկել է պաշտպանության և անվտանգության ոլորտում Վրաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական համագործակցության հարցեր։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության փոխանցմամբ՝ նախարարը նշել է, որ Վրաստանը և վրաց ժողովուրդը մեծ նշանակություն են տալիս ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությանը, որն էական նշանակություն ունի Վրաստանի պաշտպանունակության և զսպման կարողությունների ամրապնդման, երկրի խաղաղ և կայուն զարգացման համար։
«Հանդիպմանը կողմերը քննարկել են գլոբալ և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերները։ Ուշադրություն է դարձվել Ռուսաստանի կողմից Վրաստանի և Ուկրաինայի տարածքների անօրինական օկուպացմանը և կանոնների հիման վրա միջազգային կարգը խաթարող գործողություններին։ Նշվել է Վրաստանի կարևոր դերը Սև ծովի անվտանգության ճարտարապետության, տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում։
Նախարարի խոսքով՝ ԱՄՆ-Վրաստան գործընկերությունը հիմնված է ընդհանուր արժեքների և շահերի վրա։ Ընդգծվել է վրացի զինվորականների կարևոր ներդրումը համաշխարհային անվտանգության գործում միջազգային առաքելություններում և ամերիկացի զինվորականների հետ կողք կողքի կռվելու փորձը, ինչը էլ ավելի ամրապնդել է երկու երկրների միջև առկա գործընկերությունը։
Ջուանշեր Բուրճուլաձեն շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին կարևորագույն ռազմավարական, հաջող և աճող համագործակցության համար, որը ծառայում է Վրաստանի պաշտպանունակության բարձրացմանն ու երկրի կայունության ամրապնդմանը։ Նրա խոսքով, Վրաստանի պաշտպանության և զսպման ուժեղացման նախաձեռնությունն էլ ավելի է ամրապնդում օրինակելի գործընկերությունը և նպաստում խաղաղությանն ու կայունությանը ինչպես երկրում, այնպես էլ Սև ծովի ավելի լայն տարածաշրջանում»,- նշվում է Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։
Գերատեսչության տվյալներով՝ Միացյալ Նահանգներ կատարած այցի շրջանակներում պաշտպանության նախարարը եղել է նաև Արլինգթոնի ազգային գերեզմանատանը և ծաղկեպսակ դրել անհայտ զինվորի գերեզմանին։ Հանդիպում է նախատեսվում նաև ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի բյուրոյում։Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։