Ալիևը շարունակում է ստել միջազգային հանրությանը Լաչինի միջանցքի մեկամսյա շրջափակման մասին. Փալոն



Ալիևը շարունակում է ստել միջազգային հանրությանը Լաչինի միջանցքի մեկամսյա շրջափակման մասին։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը:
«Ակնհայտ ապացույցներ կան, որ խաղաղ բնակիչներին կենսական նշանակության սննդամթերքի և դեղորայքի մատակարարման արգելափակումն Արցախում հումանիտար ճգնաժամ է առաջացնում։ Մտահոգիչ է նաև այն փաստը, որ Ալիևը փառաբանում է «խոսքի ազատությունը» միայն այն ժամանակ, երբ այն օգտագործվում է հայերի կյանքին վտանգ սպառնալու համար»,- նշել է Փալոնը։
Նա նշել է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը և համաշխարհային առաջնորդները պետք է լուրջ միջոցներ ձեռնարկեն այս մարդածին աղետին վերջ տալու համար:

«Առաջիկա օրերին 120 000 անմեղ կյանք կարող է վտանգվել: Մենք չենք կարող ձեռքներս ծալած նստել՝ դիտելով, թե ինչպես է իրական աղետ հասունանում մեր աչքերի առաջ։ Ես շարունակելու եմ անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի ԱՄՆ-ը օգտագործի բոլոր հնարավոր դիվանագիտական գործիքները՝ վերջ դնելու այս դաժան շրջափակմանը»,- հավելել է կոնգրեսականը։