Հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունների հաստատման երեսնամյա հոբելյանին նվիրված միջոցառումը Թբիլիսիում

Հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունների հաստատման երեսնամյա հոբելյանին նվիրված միջոցառումը Թբիլիսիում

Երեկ՝ նոյեմբերի 16֊ին Թբիլիսիում՝ նախաձեռնությամբ Վրաստանում Հայաստանի դեսպանության նշվեց վրաց֊հայկական դիվանագիտական հարաբերությունների հաստատման երեսնամյա հոբելյանը։ Միջոցառմանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Խորհրդրանականներ եւ հոգեւոր դասի ներկայացուցիչներ, հրավիրված էին քաղաքական, կրթական, հասրակական եւ այլ ոլորտներից հյուրեր։

Ներկաներին Վասո Աբաշիձեի անվան թատրոնում դիմավորեց Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը։ Միջոցառման ընթացքում պաշտոնական ելույթներով հանդես եկան Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Վրաստանի Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին եւ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Դեսպան Սմբատյանն իր ելույթը սկսեց վրաց անվանի գրող Կոնստանտինե Գամսախուրդիայի խոսքերով՝ «Մենք մեր ողջ մտավոր կարողությունը պետք է ուղղենք, որպեսզի ոչ ոք չկարողանա խախտել վրաց֊հայկական բարեկամությունը։Մեր բազմաչարչար ժողովրդի անցյալը մեզ թելադրում է բարեկամանալ եւ միավորվել սերտ համագործակցության համար, քանի որ առանց դրա անհնար է պատկերացնել մեր ժողովուրդների հաղթանակը»։

«Այս միջոցառումը նպատակ ունի նշանավորել եւ արժանին մատուցել հայ֊վրացական բարեկամության եւ մեր երկրների նորագույն պատմության անբաժան մաս կազմող Հայաստամ֊Վրաստան միջպետական հարաբերություններին։ Այսօրվա միջոցառումն առանձնահատուկ է, քանի որ անցկացվում է Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների նախագահների բարձր հովանու ներքո եւ մասնակցությամբ։ Անկախության հռչակումից ի վեր Հայաստանն ու Վրաստանը անմիջապես ձեռնամուխ են եղել հնարավոր բոլոր ոլորտներում համագործակցության հաստատման համար, որի համար կարևոր խթան է հանդիսացել հազարամյակներով կողք կողքի ապրած մեր երկու ժողովուրդների բարեկամությունն ու ստեղծագործ ոգին։ Իրավամբ՝ հայ եւ վրաց ժողովուրդների պատմությունները կարծես միմյանց սերտաճած լինեն, հազարամյակների ընթացքում մեր ժողովուրդներն անցել են բազմաթիվ մարտահրավերների միջով, կերտել ընդհանուր պատմություն՝ լի ինչպես հաղթանակներով, այնպես էլ ցավալի էջերով, միասին վայելել են հաղթանակի բերկրանքը իսկ հուսալքության դեպքում իրար համար ապահով ապաստարան դարձել, ինչն ավելի կարևոր է։ Բոլորովին պատահական չէ, որ փորձություններ հաղթահարելով համատեղ ստեղծել են մշակութային հարուստ ժառանգություն, որն այսօր հանդիսանում է մեր երկու ժողովուրդների պարծանքը եւ բարեկամության խոսուն վկան։ Այս հրաշալի, հարուստ մշակույթով, ճարտարապետական կոթողներով, ավանդույթներով լի քաղաքը՝ Թբիլիսին յուրովի ամփոփում է մեր երկու ժողովուրդների ստեղծարար մտքի հանճարը վրաց բարեբեր հողում»,-իր խոսքում նշեց դեսպան Սմբատյանը։

ՀՀ ԱԺ նախագահը բացման խոսքում նշեց. «Ուրախ եմ, որ եղբայրական Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում նման հիշարժան միջոցառման եմ ներկա: Ուրախ եմ նաեւ, որ այստեղ է իմ լավ բարեկամ եւ գործընկեր Շալվան: Այս տարի լրանում է Հայաստանի եւ Վրաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, սակայն հայ-վրացական համատեղ անցած ճանապարհը, պատմական առնչությունները եւ ավանդույթներն ունեն հազարամյակների պատմություն»:

«Վրաց-հայկական դիվանագիտական հարբերությունների հաստատման 30 տարիներն այն տարիներն են, երբ երկու նորանկախ երկրները՝ Վրաստանն ու Հայաստանը, կարողացան դիվանագիտական հարաբերություններ հաստատել և պատմությունը շարունակել բարեկամաբար։ Այսօր մենք նշում ենք մեր դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, սակայն այսքանով չի սահմանափակվում մեր հարաբերությունների պատմությունը. մեր երկու ժողովուրդներին հազարամյակների պատմություն է կապում»,-ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Օրվա գեղարվեստական մասը ապահովեցին Հայ առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ խմբավար Մարիա Գալստյանի գլխավորությամբ։