Ենս Ստոլտենբերգ. ՆԱՏՕ-ի դաշնակիցները աջակցություն են ցուցաբերում Վրաստանին, Վրաստանը մեր մտերիմ գործընկերն է

Մենք պետք է ամրապնդենք մեր քաղաքական գործընկերությունը, համագործակցությունը և երկխոսությունը այն երկրների հետ, որոնք խոցելի են ռուսական ներխուժման համար, Վրաստանն այդ երկրներից մեկն է, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Բեռլինում արտաքին քաղաքականության ֆորումում։
Դաշինքի գլխավոր քարտուղարը Վրաստանին աջակցելու համատեքստում ընդգծել է նաև բարեփոխումների իրականացման գործում համագործակցության կարևորությունը։
«Սրան մասամբ քաղաքական, մասամբ ռազմական արձագանք կա։ Մենք պետք է ամրապնդենք մեր քաղաքական գործընկերությունը, համագործակցությունը և երկխոսությունը այն երկրների հետ, որոնք խոցելի են ռուսական ագրեսիայի համար։ Այդպիսի երկրներից է Վրաստանը։ Ռուսաստանն արդեն վերահսկում է Վրաստանի տարածքների մի մասը։ Սա վերաբերում է նաև կարողությունների զարգացմանը, վերապատրաստմանը և տարբեր տեսակի աջակցությանը: ՆԱՏՕ-ի դաշնակիցները աջակցություն են ցուցաբերում Վրաստանին, իսկ Վրաստանը մեր մտերիմ գործընկերն է։ Դաշնակիցները համաձայնեցին անել ավելին, ինչը, հատկապես Ուկրաինայի վրա դաժան հարձակման լույսի ներքո, ընդգծում է Վրաստանի նման երկրի հետ ավելի ակտիվ աշխատելու կարևորությունը:
Նաև, կարծում եմ, դա վերաբերում է Վրաստանի կողմից անհրաժեշտ բարեփոխումների իրականացմանը և որոշ հարցերի լուծմանը, ինչպիսիք են կոռուպցիան և անվտանգության ինստիտուտների դեմոկրատական վերահսկողությունը։ Որքան շատ Վրաստանը լուծի այդ խնդիրները, այնքան ավելի հեշտ կլինի մոբիլիզացնել անհրաժեշտ աջակցությունը ՆԱՏՕ-ի դաշնակիցներից»,- ասել է Ստոլտենբերգը։Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։