Գուտերեշն անիրատեսական է համարել ՄԱԿ-ի կենտրոնակայանի տեղափոխումն ԱՄՆ-ից



ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ իրատեսական չի համարում կազմակերպության կենտրոնակայանը ԱՄՆ-ից տեղափոխելը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ ռուսական պատվիրակության շատ անդամների դեռևս վիզա չի տրվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընթացիկ նստաշրջանին մասնակցելու համար։ «Սա առաջին դեպքը չէ, երբ ռուսական (և ոչ միայն) պատվիրակությունը խնդիրներ ունի ԱՄՆ վիզաներ ստանալու հարցում»,- ասել է Զախարովան։
Հարցին, թե արդյոք  մտավախություն կա, որ երկրները կսկսեն ավելի ուժեղ ճնշում գործադրել կենտրոնակայանն ԱՄՆ-ից այլ վայր տեղափոխելու համար, Գուտերեշն ասել է. «Ես չեմ կարծում, որ դա իրատեսական է»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև կասկածել է, որ ԱՄՆ-ի դեմ միջնորդ դատարան դիմելը կօգնի դրական լուծում տալ Ռուսաստանի դիվանագետներին վիզաներ տրամադրելու խնդրին։

Նա բացատրել է, որ «արբիտրաժը չի կարող  հարկադրանքի որևէ միջոց նախատեսել», իսկ միջնորդ դատարան դիմելը կվատթարացնի ընդունող երկրի վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ: