Կոնգրեսի պատվիրակության այցը խաղաղ, բարգավաճ և ժողովրդավարական Հայաստանի հանդեպ հանձնառության հզոր խորհրդանիշ է. Փելոսի



Նենսի Փելոսին գլխավորում է Հայաստան մեկնած Կոնգրեսի պատվիրակությունը՝ ընդգծելու Միացյալ Նահանգների ամուր հավատարմությունը Հայաստանի և Կովկասյան տարածաշրջանի անվտանգության, տնտեսական բարգավաճման և ժողովրդավարական կառավարման հարցում: Այդ մասին ասված է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի էջում տարածված հայտարարության մեջ: Փելոսին ԱՄՆ-ի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որը Հայաստան է այցելում անկախությունից ի վեր՝ նշված է Ներկայացուցիչների պալատի ղեկավարի պաշտոնական կայքում։
«Մենք հպարտ ենք, որ 2019 թ. Ներկայացուցիչների պալատը կոնգրեսական Ադամ Շիֆի ներկայացրած 296 բանաձևն ընդունեց, որը Օսմանյան կայսրության կողմից 1,5 միլիոն հայերի սպանությունը ճանաչում է որպես ցեղասպանություն, և որ նախագահ Բայդենը դարձավ ԱՄՆ առաջին նախագահը, որը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»,- հայտարարել է Փելոսին՝ հավելելով. «Կոնգրեսի մեր պատվիրակության այցը խաղաղ, բարգավաճ և ժողովրդավարական Հայաստանին, ինչպես նաև կայուն և անվտանգ Կովկասյան տարածաշրջանին Միացյալ Նահանգների ամուր հանձնառության հզոր խորհրդանիշն է: Կառավարության ղեկավարների, քաղաքացիական հասարակության անդամների և ուժային կառույցների ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումների ժամանակ մենք կփոխանցենք Միացյալ Նահանգների՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և Հայաստանի վաղեմի բարեկամ, վճռական և մշտական աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորման համար»։
Փելոսիի պատվիրակության կազմում են կոնգրեսականներ, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ջեքի Սփիերը (Հետախուզության մշտական հանձնաժողովի ռազմավարական տեխնոլոգիաների և առաջավոր հետազոտությունների ենթահանձնաժողովի նախագահ, Զինված ուժերի կոմիտեի զինվորական անձնակազմի հարցերով ենթահանձնաժողովի նախագահ), անդամներ Ֆրենկ Փալոնեն (Էներգետիկայի և առևտրի հանձնաժողովի նախագահ) և Աննա Էշուն (Էներգետիկայի և առևտրի հանձնաժողովի առողջապահության ենթահանձնաժողովի նախագահ), որոնք Հայաստանի վաղեմի բարեկամներն են՝ նշված է Փելոսիի պաշտոնական կայքում:

«Կին կոնգրեսականներ Աննա Էշուն և Ջեքի Սփիերն անձնական նվիրվածություն են բերում այդ պայքարին, որպես հպարտ ամերիկահայեր և որպես կալիֆոռնիացիներ, որտեղ բնակվում է Ամերիկայի ամենամեծ հայ համայնքը։ Նյու Ջերսիից Ֆրենկ Փալոնեն Կոնգրեսի հայկական հարցերով խմբի վաղեմի համանախագահն է։ Մեր պատվիրակությունն անհամբերությամբ է սպասում արդյունավետ հանդիպումներին, որոնք կշարունակեն ամրապնդել մեր գործընկերությունը Հայաստանի Հանրապետության հետ և առաջ կտանեն մեր արժեքներն ու շահերը տարածաշրջանում»,- ասել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ղեկավարը։