Այսօր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին կժամանի Երևան


Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են՝ այսօր երեկոյան Երևանում սպասում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակության այցը։

 

Սեպտեմբերի 17-19-ի այցի ընթացքում Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների՝ քննարկելու հայ-ամերիկյան հարաբերությունները և ներկայիս անվտանգային իրավիճակը։

 

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին հանդես կգա մամուլի ասուլիսով, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում և ելույթ կունենա «Գաֆէսճեան արվեստի կենտրոնում», ընդ որում՝ ելույթը ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինի www.speaker.gov/newsroom հղմամբ։

 

Խոսնակ Փելոսին կանդրադառնա մեր երկու երկրների ամուր փոխգործակցությանը, որի հիմքում ընդհանուր արժեքներն են և մեր ժողովուրդների երկարամյա կապերը։

 

Պատվիրակության կազմում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ և կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն և Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն և Ջեքի Սփիերը։