Վրաստան մուտքի արգելքի վերաբերյալ կրկին զրուցել ենք Էդուարդ Էնֆիաջյանի հետ |

Վրաստան մուտքի արգելքի վերաբերյալ կրկին զրուցել ենք Էդուարդ Էնֆիաջյանի հետ |

Շատ Ջավախքցիներ այսօր չեն կարողանում այցելել հայրենի տներ, քանի որ նրանց մուտքը Վրաստան արգելված է  «չմեկնաբանվող» օրենքով։
Akhaltskha.net-ը իր ընթերցողին է ներկայացնում հարցազրույցների շարք այն մարդկանց հետ, որոնք զրկված են տուն դառնալու հնարավորությունից եւ նրանց վերադարձը հայրենիք արգելված է պետության կողմից։
Մեր առաջին զրուցակիցը ծնունդով Ախալցխայից Էդուարդ Էնֆիաջյանն է, ով այժմ բնակվում է ԱՄՆ-ում։ Նա գործունեություն է ծավալում հասրակական եւ բիզնես ոլորտներում։
-Պրն. Էնֆիաջյան վերջին անգամ ե՞րբ եք այցելել Վրաստան եւ արդյո՞ք հիմնավորել են, թե ինչո՞ւ է արգելված Ձեր մուտքը։ 
-2019 թվականի հունիսի վեջն էր, կարծեմ 29֊30, ես Փարիզից օդանավով եկա Թբիլիսի, օդանավակայանում ինչպես հարկն է մոտեցա փաստաթղթերն ստուգող աշխատակիցներին։ Մի քանի անգամ աշխատակից կինը ստուգեց անձնագիրս, այնուհետեւ ինձ ասաց, որ իր համակարգիչը փչացել է եւ հիմա Ձեզ կմոտիկանան եւ դուրս եկավ իմ անձնագրով, ավելի ուշ ինձ մոտենում է Գիորգի անունով մի մայոր եւ տեղեկացնում, որ իմ մուտքը Վրաստան արգելված է եւ ինքը չի կարողանում պատճառն ասել, ես պահանջեցի փաստաթուղթ, որտեղ կհիմնավորեն թե ինչո՞ւ է արգելված, նա ասաց, որ անպայման կտան այդ փաստաթուղթը։ Եւ ես օդանավակայանից դուրս գալու իրավունք չունեի։  Մոտ 5 ժամ անց բերեցին իմ անձնագիրը եւ մի թուղթ, որտեղ նշված էր, թե ինչու է արգելված իմ մուտքը։ Այդ փաստաթղթում մի շարք պատճառներ կային, որոնցից ոչ մեկը իմ դեպքում չէր նշված, նշված էր միայն վերջին կետը, որը նշանակում էր, որ իմ մուտքը Վրաստան արգելված է այլ պատճառով՝ կապված Վրաստանի օրենսդրության հետ, ես մինչև այսօր չեմ ստացել հիմնավոր պատասխան, թե ի՞նչ է նշանակում այլ պատճառ։ Ես հարցրեցի, թե արդյո՞ք կարող եմ բողոքարկել, ինձ ասացին, որ՝ այո, յուրաքանչյուր երկրում Վրաստանի դեսպանատանը եւ որոշեցի գնալ Երևան եւ դիմել Վրաստանի դեսպանատուն։  Ես իմ հաշվին գնեցի տոմս եւ գնացի Երևան, իսկ դեսպանատանն ինձ ասացին, որ հարցով միայն Թբիլիսիում կարող եմ դիմել, իսկ ես ինչպե՞ս դիմեմ Թբիլիսի, եթե իրավունք չունեմ Վրաստան այցելելու։ Դիմեցի նաև ԱՄՆ֊ում Վրաստանի դեսպանատուն, որտեղ եւս ասացին, որ միայն Թբիլիսի կարող եմ դիմել։ Այ սա է ողջ պատմությունը։
-Ի՞նչ այլ քայլեր եք ձեռնարկել։ 
-Բաց նամակով դիմել եմ այն ժամանակվա Վրաստանի ՆԳՆ նախարար Գիորգի Գախարիային, սակայն որևէ պատասխան չեմ ստացել։ Իմ խնդիրը բարձրաձայնել եմ նաև մամուլի միջոցով եւ վերջապես Վրաստանում իրավաբանի միջոցով դիմել եմ դատարան, որտեղից պատասխան եմ ստացել, որ ուշացրել եմ, դատարան պետք էր դիմել 10 օրվա ընթացքում։  Որոշումը բողոքարկել ենք այժմ հայցով դիմել ենք Վրաստանի Սահմանադրական դատարան։
— Ի՞նչ դեր և նշանակություն ունի Ախալցխան Ձեզ համար 
-Իմ ընտանիքը Ախալցխայում է բնակվել առնվազն 300 տարի առաջ։ Ես մեծ ընտանիք ունեմ, այդ քաղաքում են ապրում իմ հարազատներն ու բարեկամները, այնտեղ ամենամոտ մարդկանց գերեզմաններն են։ Ախալցխայում է անցել իմ կյանքի լավագույն տարիները, իմ մանկությունը։ Այնտեղ եմ ես ձեւավորել իմ մարդկային տեսակով, ձեւավորվել եմ որպես Ախալցխացի հայ, մարդ ով իր մեջ կրում է հայ֊վրացական բարեկամության գաղափարն ու արժեքները։  Ահա, թե ինչով եմ կապված Ախալցխային։
Մենք զրուցել ենք նաև Էդուարդ Էնֆիաջյանի իրավապաշտպան Արթուր Մուրադյանի հետ, ով հույս է հայտնում, որ  Սահմանադրական դատարանում դատը կշահեն։ Չի բացռում նաև ալտերնատիվ քայլը, այն որ Էդուարդ Էնֆիաջյանը վերստին փորձի այցելել Վրաստան ու եթե դարձյալ թույլ չտան մուտք գործել, ապա դատարան կդիմեն 10 օրվա ընթացքում։
Խնդրի պարզաբանման վերաբերյալ akhaltskha.net-ը գրավոր դիմում է ներկայացրել Վրաստանի ՆԳՆ նախարարություն։ Ստացված պատասխանը կներկայացնենք մեր ընթերցողին։
Հաջորդիվ պարբերաբար կներկայացնենք հարցազրույցներ այն մարդկանց հետ, որոնք իրավունք չունեն մուտք գործել Վրաստան, փակ է նրանց տունդարձի ճամփան։