ՆԱՏՕ-ն կընդունի նոր ռազմավարական հայեցակարգ. Ստոլտենբերգ



ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կընդունի նոր ռազմավարական հայեցակարգ, որը Ռուսաստանին կկոչի ուղղակի սպառնալիք դաշինքի համար և կդառնա ՆԱՏՕ-ի ապագայի կառուցման նախագիծ: Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նա նաև նշել է, որ մինչև 2023 թվականը դաշինքի զորակազմը 40-ից կհասցվի 300 հազարի, Ռուսաստանի հետ սահմանին կտեղակայվեն ծանր տեխնիկա և սպառազինություն:
Ստոլտենբերգն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի առաջնորդները Մադրիդում կայանալիք գագաթնաժողովում կվերահաստատեն պաշտպանական ծախսերի ավելացման իրենց հանձնառությունը։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն էլ հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները կշարունակեն զենք մատակարարել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Մադրիդյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակում հանդիպելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ, ասել է, որ Միացյալ Նահանգները կավելացնի իր ռազմական ներկայությունն ամբողջ Եվրոպայում։
Ամերիկացի առաջնորդը նշել է, որ դաշինքը պետք է կարողանա հետ մղել սպառնալիքները բոլոր կողմերից՝ և՛ օդում, և՛ ցամաքում, և՛ ծովում։

Միացյալ Նահանգները մտադիր է Լեհաստանում տեղակայել ԱՄՆ 5-րդ բանակային  կորպուսի (ցամաքային զորքերի) շտաբը, ավելացնել ռոտացիոն զորքերի թիվը Բալթյան երկրներում, Ռումինիայում, լրացուցիչ հակաօդային պաշտպանության համակարգեր տեղակայել Իտալիայում և Գերմանիայում: