Մեծ յոթնյակը պատրաստակամություն է հայտնել քննարկելու անվտանգության երկարաժամկետ երաշխիքների հարցը



Մեծ յոթնյակի գագաթնաժողովի մասնակից երկրների ղեկավարները եզրափակիչ համատեղ հայտարարություն են ընդունել: Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Կանադան, Ճապոնիան և Իտալիան պարտավորվել են թույլ չտալ, որ պատժամիջոցները, այդ թվում՝ հակառուսական, ազդեն պարենային ոլորտի վրա։
«Անհրաժեշտ է ապահովել գյուղատնտեսական արտադրանքի ազատ հոսքը և մարդասիրական օգնության հասանելիությունը»,- ասված է փաստաթղթում։
Եզրափակիչ հայտարարության մեջ տեղ են գտել նաև այլ դրույթներ: Մասնավորապես, նշվել է, որ G7-ը պատրաստ է քննարկել անվտանգության երկարաժամկետ երաշխիքների հարցը շահագրգիռ բոլոր երկրների հետ: Մասնակից երկրները Չինաստանին կոչ են արել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ դադարեցնելու Ուկրաինայում հակամարտությունը: Յոթնյակը մտադրություն է հայտնել աջակցելու Ուկրաինայի վերականգնմանը և հաստատել է իր հանձնառությունը՝ աստիճանաբար նվազեցնելու կախվածությունը ռուսական էներգակիրներից։

Յոթնյակը նաև լրացուցիչ 4,5 միլիարդ դոլար կհատկացնի բնակչության առավել խոցելի շերտերի համար՝ պաշտպանելու մարդկանց սովից։ Այսպիսով՝ 2022 թվականին համաշխարհային պարենային անվտանգությունն ապահովելու համար G7-ի հատկացրած գումարը գերազանցում է 14 միլիարդը։