Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ չի կարող գործել. Երևանի արձագանքը Ալիևի հայտարարությանը

Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ կամ տրանսպորտային ուղի չի կարող գործել՝ «Արմենպրեսի» հարցին ի պատասխան այս մասին ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Հարց – Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, թե մայիսի 22-ին Բրյուսելում կողմերը եկել են պայմանավորվածության ՀՀ տարածքով միջանցք ստեղծելու, այդ թվում՝ երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհի կառուցման շուրջ: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:
Պատասխան – Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները որևէ փոփոխություն չեն կրել: Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ կամ տրանսպորտային ուղի չի կարող գործել: Բոլոր պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել Բրյուսելում, վերաբերում են տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, որոնց մասին խոսել եմ նաև երեկ՝ Ձեր հարցերին ի պատասխան:

Բրյուսելում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները տեղավորվում են նախկինում ՀՀ ներկայացուցիչների արած հրապարակային հայտարարությունների շրջանակում:

Հանդիպման արդյունքներով ԵՄ խորհրդի նախագահի հայտարարության մեջ էլ կարող եք տեսնել, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման համատեքստում պայմանավորվածությունները վերաբերել են սահմանային, մաքսային հսկողության, ճանապարհային վճարների գանձման, միջազգային տարանցման կազմակերպման հարցերին:

Սրանք կարևոր հարցեր են «Հայկական խաչմերուկ» նախագծի իրագործման համար, և Հայաստանի կառավարությունը հետևողականորեն շարժվելու է այս ուղղությամբ: