Բայդենը խոստացել է պաշտպանել Թայվանը Չինաստանից


Չինաստանի ռազմական ներխուժման դեպքում ԱՄՆ-ը կօգնի Թայպեին՝ պաշտպանել Թայվանի տարածքը և կանխել ստատուս քվոյի միակողմանի փոփոխությունը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ Տոկիոյում Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինն արձագանքել է Բայդենի խոսքերին՝ կոչ անելով ԱՄՆ-ին՝ զգույշ լինել Թայվանի հետ կապված իր հայտարարություններում և գործողություններում:

Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ Թայվանը ՉԺՀ-ի տարածքի մի մասն է։ Պեկինը «վճռական գործողություններ կձեռնարկի՝ իր ինքնիշխանությունն ու անվտանգության շահերը պաշտպանելու համար»՝ հավելել է նա։

Մայրցամաքային Չինաստանի և Թայվանի միջև պաշտոնական հարաբերությունները խզվել են 1949 թվականին։