«Մեծ յոթնյակի» երկրներն ընդգծել են, որ չեն ճանաչի Ուկրաինայի սահմանների փոփոխությունը


«Մեծ յոթնյակի» (G7) երկրները չեն ճանաչի Ուկրաինայի սահմանների փոփոխությունը: Այդ մասին G7-ի երկրների արտգործնախարարների եռօրյա հանդիպման ժամանակ հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը։

Հանդիպման արդյունքներով Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի և Ճապոնիայի գլխավոր դիվանագետները համատեղ հայտարարություն են ընդունել, որով պատրաստակամություն են հայտնել շարունակելու Ռուսաստանի, ՌԴ ներկայացուցիչների և ինստիտուտների դեմ սահմանափակող միջոցների կիրառումը և շարունակելու Մոսկվայի քաղաքական ու տնտեսական մեկուսացմանն ուղղված ջանքերը: G7-ի ԱԳ նախարարները մտադրություն են հայտնել ակտիվացնելու ռուսական էներգակիրներից կախվածությունը կրճատելու և դրանցից հրաժարվելու ջանքերը։

Նշվում է, որ «Մեծ յոթնյակի» երկրներն Ուկրաինային զենք կմատակարարեն այնքան ժամանակ, քանի դեռ դա անհրաժեշտ կլինի:

Արտգործնախարարները կարծիք են հայտնել, որ Ուկրաինայի իրադրությունը վատթարացրել է գլոբալ տնտեսության զարգացման հեռանկարները՝ հանգեցնելով պարենի, վառելիքի և էներգակիրների գների շեշտակի աճի: Գերմանիայի արտգործնախարարը չի բացառել, որ այս իրավիճակը կարող է հանգեցնել գլոբալ սովի: