Եվրամիությունն Ուկրաինային կուղեկցի դեպի եվրաինտեգրում. Շոլց


Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Եվրամիությունն Ուկրաինային կուղեկցի եվրաինտեգրման ճանապարհին, սակայն կառույցին անդամակցելու հստակ չափանիշներ կան, որոնք պետք է պահպանվեն:

«Կան Եվրամիությանն անդամակցելու հստակ չափանիշներ՝ կայուն ժողովրդավարություն, օրենքի գերակայության երաշխիք և գործող սոցիալական շուկայական տնտեսություն։ Այդ համակարգը կիրառվում է»,- ասել է Գերմանիայի կանցլերը։

Միևնույն ժամանակ, նա հիշեցրել է, որ վերջերս Արևմտյան Բալկանների երկրներին խոստացել են անդամակցություն Եվրամիությանը։ «Այդ երկրներից շատերը տարիներ շարունակ ջանասիրաբար աշխատել են այդ նպատակին հասնելու ուղղությամբ և մինչ օրս հիասթափվել են: Որքան շուտ մենք կարողանանք կատարել Արևմտյան Բալկանների պետություններին տված մեր վաղեմի խոստումները, այնքան ավելի մեծ վստահություն կունենանք այն երկրների շրջանում, որոնք ձգտում են դառնալ Եվրամիության անդամ»,- արձանագրել է Շոլցը:

Գերմանիայի կանցլերն անդրադարձել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հեռախոսազրույցին՝ նշելով, որ չի նկատել Ուկրաինայի հարցում դիրքորոշումը փոխելու Մոսկվայի ձգտումը: Նա կարծիք է հայտնել, որ Մոսկվան չի հասել Ուկրաինայում իր որևէ նպատակի, իսկ ՆԱՏՕ-ն ավելի է մեծացնում իր ներկայությունն արևելյան թևում:

Գերմանիայի կառավարության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկման միակ հնարավորությունը Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության համաձայնագրի կնքումն է: «Պատժամիջոցների հետևանքով լրջորեն տուժում է ռուսական տնտեսությունը, իսկ դրա զարգացման հնարավորությունները խիստ սահմանափակվում են»,- ասել է Շոլցը: