Թուրքիան կարող է միջնորդ լինել «Ազովստալի» շուրջ բանակցություններում. Վերեշչուկ


Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտարարել է, որ Թուրքիան համաձայնել է միջնորդ լինել Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքից զինվորականների տարհանման շուրջ բանակցություններում։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն։

Վերեշչուկը նշել է, որ խոսքը, առաջին հերթին, ծանր վիրավորների տարհանման մասին է։ Նա ասել է, որ Ուկրաինան խնդրի վերաբերյալ բանակցություններ վարելու մանդատ է տվել նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՄԱԿ-ի ներկայացուցիչներին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ձեռնարկության տարածքից խաղաղ բնակիչների տարհանումն ավարտվել է, սակայն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը հայտարարել էր, որ չի կարող հաստատել գործարանի տարածքից բոլոր խաղաղ բնակիչների տարհանումը։ Այդ գործընթացը տևել է մի քանի օր, կողմերը միմյանց մեղադրել են այն խափանելու համար։