Մոսկվայի համար կարևոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության մակարդակի բարձրացումը. Լավրով


Մոսկվան ցանկանում է, որ Հարավային Կովկասը վերածվի խաղաղության, կայուն զարգացման և բարգավաճման գոտու: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Դուշանբեում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը:

«Մոսկվայի համար կարևոր է կողմերի միջև վստահության մակարդակի բարձրացումը հայ-ադրբեջանական հարաբերությունների լիարժեք կարգավորման համար պայմաններ ստեղծելիս»,- ասել է Լավրովը՝ հույս հայտնելով, որ հանդիպումը թույլ կտա առաջ շարժվել այն ճանապարհով, որը նախանշվել է երկրների ղեկավարների կողմից:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպման սկզբում ընդգծել է, որ Երևանը եղել և հավատարիմ է մնում երեք երկրների ղեկավարների միջև բոլոր պայմանավորվածությունների և հայտարարությունների կատարմանը։

«Մենք պատրաստ ենք շարունակելու բոլոր աշխատանքները գործող ձևաչափերի ուղղությամբ՝ տարածաշրջանում տնտեսական ենթակառուցվածքների հաղորդակցությունների բացման և խաղաղության պայմանագրի շուրջ, կամ, ինչպես հավանաբար ավելի ճիշտ է ասել՝ հարաբերությունների կարգավորման, հարաբերությունների հաստատման, մնացած բոլոր խնդիրների լուծման ուղղությամբ, ներառյալ՝ հումանիտար, ռազմագերիների ազատ արձակման և մյուս խնդիրները, որոնք մնում են չլուծված»,- ասել է Հայաստանի արտգործնախարարը:

Իր հերթին Ադրբեջանի ԱԳ ղեկավարն ընդգծել է, որ հանդիպումը լավ հնարավորություն է քննարկելու հնարավոր առաջընթացը: Նա հույս է հայտնել, որ կհաջողվի արդյունքի հասնել եռակողմ հայտարարություններն ամբողջությամբ կյանքի կոչելու մասով: Բայրամովը կարծիք է հայտնել, որ մոտ ապագայում հնարավոր կլինի գործարկել նաև սահմանազատման հանձնաժողովի աշխատանքները: