Ստեփանակերտում ենթադրյալ հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել է գեներալ-մայոր Օգանովսկին


Ենթադրյալ հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել է գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը՝ Օգանովսկին:

 

«Դեպքի առթիվ ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքների հիման վրա Արցախի քննչական կոմիտեի քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) և 245-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) նախատեսված հանցանքների հատկանիշներով»,- հայտնում են Արցախի դատախազությունից:

 

Արցախի Ոստիկանությունը երեկ տեղեկացրել էր, որ ժամը 19.00-ի սահմաններում BMW ավտոմեքենան Արցախի ազատամարտիկների միության վարչական շենքի դիմաց կայանելու շուրջ վիճաբանություն է առաջացել Ստեփանակերտի 22-ամյա բնակչի և 60-ամյա գեներալ-մայորի միջև:

 

Խոսակցությանը միջամտել են երիտասարդի ընկերները, իսկ երբ նրանք փորձել են հեռանալ, Կարապետյանը իր ավտոմեքենայի բեռնախցիկից հանել է ինքնաձիգը և 2 անգամ կրակել BMW ավտոմեքենայի ուղղությամբ, որից մեկը դիպել է մեքենային:

 

Դեպքի առթիվ Արցախի քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ զենքի գործադրմամբ խուլիգանության և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու հատկանիշներով: