Եվրամիությունը չի կարող միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում. Բորել


«Եվրամիությունը չի կարող միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում»,- նման կարծիք է հայտնել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ գրում է ТАСС-ը։

Միաժամանակ նա հավելել է, որ «Չինաստանը նույնպես հարմար չէ այդ դերում, քանի որ հակված է դեպի Ռուսաստանը։ Թուրքիան հարմար է, երկու կողմի հետ էլ լավ հարաբերություններ ունի, այնտեղ շատ լավ աշխատանք է կատարում»,- ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը և ընդգծել, որ, այնուամենայնիվ, լավագույն տարբերակ է համարում ՄԱԿ-ը։

Բորելը միաժամանակ պնդել է, որ «անհրաժեշտ է բանակցային սեղանի շուրջ նստել ուժի դիրքերից, և այժմ խնդիրն ուկրաինացիներին այս դիրքում դնելն է»։

Բացի դրանից՝ դիվանագետը վստահեցրել է, որ Եվրամիությունը կշարունակի զենք մատակարարել Ուկրաինային, ինչպես նաև կձգտի թուլացնել ռուսական տնտեսությունը և հասնել Ռուսաստանի միջազգային մեկուսացման։