Մայիսի 6-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը աշխատանքային այց է կատարել Ֆրանսիայի Մարսել քաղաք, որտեղ հանդիպումներ է ունեցել Մարսելի քաղաքապետի, Պրովանս Ալպեր Կոտ դ’Ազյուր շրջանի պրեֆեկտի, տնտեսության և տուրիզմի ոլորտների ներկայացուցիչների հետ։
 
Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի հետ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության, վերջինիս շրջանակներում տնտեսական կապերի, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների փոխայցելությունների ակտիվացման և այլ թեմաների շուրջ։
 
Դեսպան Տոլմաջյանի և Պրովանս ԱլպերԿոտ դ’Ազյուր շրջանի պրեֆեկտ Քրիստոֆ Միրմանի հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերությունների, Հայաստանի և Պրովանս Ալպեր Կոտ դ’Ազյուր շրջանի միջև կապերի ամրապնդմանն և խորացմանն ուղղված հնարավոր քայլերի վերաբերյալ հարցերի լայն շրջանակ։
 
Այցի օրակարգում առանձնահատուկ տեղ են գրավել երկկողմ տնտեսական համագործակցության վերաբերյալ հարցերը։ Էքս ՄարսելՊրովանս մետրոպոլի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Ժան-Լյուկ Շովինի և French Tech ընկերության գլխավոր տնօրեն Ժան-Բատիստ Գեյսլերի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համագործակցության մի շարք ծրագրեր իրականացնելու հնարավորությանը։ Դեսպանը ծանոթացել է French Tech ընկերության կողմից կանաչ տեխնոլոգիաների և առողջապահության ոլորտներում իրականացվող ծրագրերին։
 
Աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի դեսպանը հանդիպում է ունեցել նաև Մարսելի՝ զբոսաշրջության հարցերով փոխքաղաքապետ Լորան Լհարդիի, ինչպես նաև Մարսելի զբոսաշրջության գրասենյակի նախագահ Մարկ Տեբոնի հետ։ Քննարկվել են նաև Հայաստանի զբոսաշրջային ռազմավարությանը և ենթակառուցվածքային կարիքներին առնչվող հարցեր։
 
Դեսպանի աշխատանքային այցը եզրափակվել է Մարսելի քաղաքապետի կողմից դեսպանի այցի կապակցությամբ կազմակերպված ընդունելությամբ՝ Մարսելի հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ։
 
 
Մարսելի քաղաքապետի և տնտեսական ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումներին ներկա էին նաև Բուշ դյուՌոնի սենատոր, նախկին նախարար Մարի-Առլետ Կառլոտին, Ֆրանսիայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը և Մարսելում Հայաստանի հյուպատոս Սամվել Լալայանը։