Ուկրաինային զինելու դեմ որոշ տրամադրություններ Եվրոպայում


Կիրակի Պրահայի կենտրոնական՝ Հանրապետության հրապարակում 500 տեղացի ակտիվիստներ Չեխիայի իշխանություններից պահանջել են դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը։ Ցուցարարներն ուկրաինական հակամարտության համար մեղադրել են ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին՝ հաղորդում է ТАСС-ը։

Ակցիայի բանախոսները հայտարարել են, որ Չեխիայի իշխանությունները խաբում են քաղաքացիներին՝ պնդելով, որ ռուսական հատուկ գործողությունը չի հրահրվել։ Նրանք նշել են, որ ուկրաինական հակամարտության հիմնական պատճառներից մեկն այն է, որ ԱՄՆ-ը և ԵՄ-ը չեն ցանկանում տարածաշրջանի անվտանգության վերաբերյալ իրական բանակցություններ վարել։

Ուկրաինային ֆինանսական և ռազմական աջակցությանը դեմ է արտահայտվել նաև Եվրախորհրդարանի պատգամավոր, Ֆրանսիայի տրանսպորտի նախկին նախարար Թիերի Մարիանին։

«Մեզ ներքաշում են ուրիշի պատերազմի մեջ։ Ես կարծում եմ, որ պետք է դադարեցնենք ուկրաինական բանակին զինել»,- ասել է նա։

Քաղաքական գործիչը հեգնանքով նշել է, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին պետք է պարգևատրել ամերիկյան զենքի, թերթաքարային գազի, նավթի և COVID-19 պատվաստանյութերի ներմուծումը խրախուսելու քաղաքականության համար։ Նրա խոսքով՝ «Եվրոպան դարձել է ԱՄՆ-ի գլխավոր կոմերցիոն ներկայացուցիչը»։

Գերմանիայի Վուպերտալ քաղաքում էլ Ուկրաինային զինելու դեմ արտահայտվողները ձվեր են նետել երկրի արտգործնախարար, «Կանաչների» առաջնորդներից Աննալենա Բուրբոկի ուղղությամբ՝ կուսակցության նախընտրական հանրահավաքին ելույթ ունենալու ժամանակ։ Ցուցարարները Կանաչների կուսակցությանը մեղադրել են «պատերազմ հրահրելու» և Գերմանիային ուկրաինական հակամարտության մեջ ներքաշելու փորձի մեջ։