ՌԴ դիվանագիտական առաքելությունն արձագանքել է Վարշավայում դեսպան Անդրեևի վրա հարձակմանը


Լեհաստանում Ռուսաստանի դեսպանատունը պատրաստվում է բողոք ներկայացնել Վարշավայում խորհրդային զինվորների գերեզմանատանը դեսպան Սերգեյ Անդրեևի վրա հարձակման դեմ՝ գրում է РИА Новости-ն։

Երկուշաբթի Անդրեևը դիվանագետների և կնոջ ուղեկցությամբ ժամանել է Վարշավայում խորհրդային զինվորների գերեզմանատուն, որի տարածքում նախօրոք հավաքվել էին ագրեսիվ տրամադրված լեհեր ու ուկրաինացիներ։ Նրանք փակել են ճանապարհը, վիրավորական խոսքեր ասել դեսպանին, հետո կարմիր ներկ են լցրել Անդրեևի ու նրան ուղեկցող մարդկանց վրա։

Միջադեպին արձագանքել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Նեոնացիզմի երկրպագուները հերթական անգամ ցույց տվեցին իրենց դեմքը, սակայն Ռուսաստանին հնարավոր չէ վախեցնել»,- ասել է Զախարովան՝ մեկնաբանելով Վարշավայում Ռուսաստանի դեսպանի վրա հարձակումը։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ «Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոսների հուշարձանների քանդումը, գերեզմանների պղծումը և այժմ էլ զոհվածների հուշակոթողներին ծաղկեպսակներ դնելուն խանգարելը հաստատում է, որ Արևմուտքում սկսվել է ֆաշիզմի վերաձևավորման կուրսը»։